Հայ ազատագրական ուժերը Սյունիքում համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները զգալի ուժ էին ներկայացնում։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի հայկական զինված ուժերը։ Դավիթ Բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Նրա աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակեց զորքի սպարապետ, իսկ առանձին զորաջոկատների հրամանատերեր դարձան տեր Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր էր իսլամ(մահմեդականություն) ընդունած և թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրին պատկանող Տաթև գյուղի մերձակա ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Սյունիքի ազատագրական շարժման դեմ հանդես եկան ու Կապանի ապստամբների վրա հարձակվեցին նաև մահմեդականները։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723թ. Չավնդուրի մոտ, որտեղ հայկական կողմին հաջողվեց լիակատար հաղթանակ տանել։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Դավիթ Բեկը որոշում է դուրս գալ շրջափակված ամրոցից և հակահարձակման միջոցով անակնկալի բերել թուրքերին։ Հակահարձակումը գլխավորող Մխիթարը և տեր Ավետիսը դիմում են հայ զինվորներին. «Արիացե՛ք, մի երկնչե՛ք, հետևեցե՛ք մեզ։ Եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ ՝ մեր աչքերի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»։ Թուրքական բանակից զոհվեց 13000 զինվոր, թշնամուց խլվեց 148 մարտական դրոշ: 1728թվականին մահացավ Դավիթ Բեկը։ Կապանի զինվորական հրամանատարությունն անցավ Մխիթար սպարապետիպ, ով շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ։ 1630թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց։ Սյունիքի հայկական զորքերը, միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել։ Սյունիքում որոշակի ժամանակով վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը։