Հայոց պատմ․

Հայաստանի Հանրապետություն, կազմավորումը, խնդիրները, առաջին քայլերը, Բաթումի պայմանագիրը

Հանրապետության հռչակմանը նախորդել են Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: 1918 թ-ի մայիսի 26-ին՝ Անդրկովկասյան սեյմի լուծարման օրը, իր անկախությունն է հռչակել Վրաստանը, մայիսի 27-ին՝ Ադրբեջանը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունել է հռչակագիր, որտեղ ասված էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվել է հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը, այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»: Մինչև Թիֆլիսից կառավարության ժամանումը Երևան՝ իշխանությունն իրականացրել է Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ: Նորաստեղծ պետությունն առաջին պարտադրված պայմանագիրն ստորագրել է Թուրքիայի հետ՝ Բաթումում` 1918 թ-ի հունիսի 4-ին՝ Անդրկովկասի գերմանա-թուրքական նվաճման պայմաններում. հայկական կողմը ներկայացրել են Հովհաննես Քաջազնունին և Ալեքսանդր Խատիսյանը: Այդ պայմանագրով՝ Թուրքիան ճանաչել է Հայաստանի անկախությունը, Հայաստանը հրաժարվել է ոչ միայն Արևմտյան Հայաստանից ու Կարսի մարզից, այլև Արևելյան Հայաստանի մի շարք շրջաններից՝ Ալեքսանդրապոլի և Համամլուի (Սպիտակ) գավառներից, Երևանի ու Էջմիածնի գավառների մի մասից, Շարուր-Դարալագյազի գավառի 1/5-րդ մասից: Հայաստանի Հանրապետությանը մնացել է ընդամենը 12 հզ. կմ2 տարածք: Թուրքերն իրավունք էին ստանում Հայաստանի տարածքով զորք տեղափոխելու Բաքու, որտեղից պետք է դուրս բերվեին Բաքվի կոմունան պաշտպանող հայկական ուժերը: Սակայն Բաքվի Հայոց ազգային խորհուրդը մերժել է այն, քանի որ վտանգվում էր քաղաքի մոտ 100 հզ. հայության կյանքը: Հայաստանին նաև պարտադրվում էր իր տարածքում զինաթափել հակաթուրքական «ավազակային զորաջոկատները»՝ նկատի ունենալով հատկապես Զորավար Անդրանիկի հրամանատարությամբ գործող զինված ջոկատները: 1918 թ-ի հուլիսի 19-ին Ազգային խորհուրդը վերջապես ժամանել է Երևան. առաջատար քաղաքական կուսակցությունների և Թիֆլիսի ու Երևանի ազգային խորհուրդների համաձայնությամբ կազմվել է բարձրագույն օրենսդիր իշխանությունը՝ Հայաստանի խորհուրդը (հետագայում` խորհրդարան), որտեղ ընդգրկվել են տարբեր կուսակցությունների,  ազգային խորհուրդների անկուսակցական և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ՝ 46 մարդ, որից 18-ը՝ դաշնակցական:Հուլիսի 24-ին հրապարակվել է գործադիր բարձրագույն իշխանության՝ Կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, արտգործնախարար՝ Ալեքսանդր Խատիսյան: Օգոստոսի 1-ին Հայաստանի խորհուրդը Երևանում գումարել է իր առաջին նիստը, նախագահ է ընտրվել Ավետիք Սահակյանը (դաշնակցական): Նիստը որոշում է ընդունել քայլեր ձեռնարկել երկիրը ծանրագույն վիճակից դուրս բերելու համար: 1918 թ-ին Հայաստանը դիվանագիտական, ռազմական ու տնտեսական մեկուսացման մեջ էր: Վիճակը բարելավվել է, երբ Առաջին աշխարհամարտում (1914–18 թթ.) Թուրքիան պարտություն է կրել և սկսել հեռանալ Անդրկովկասի գրավված շրջաններից, այդ թվում՝ Լոռուց և Ախալքալաքի գավառներից: Սակայն այդ տարածքների պատկանելության շուրջ հակամարտություն է ծագել Հայաստանի և Վրաստանի միջև, որը 1918 թ-ի դեկտեմբերի կեսերին վերածվել է հայ-վրացական պատերազմի: Հայկական զինված ուժերը Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ կարողացել են վրացիներին դուրս քշել Լոռուց և զգալի ռազմամթերք գրավել: Հայկական զորքերի առաջխաղացումը դեպի Թիֆլիս կանխել են անգլիացիները, որոնց միջամտությամբ 1919 թ-ի հունվարի 9–17-ը տեղի ունեցած խորհրդաժողովում կնքվել է հաշտություն:Լոռին հայտարարվել է չեզոք գոտի՝ անգլիական գեներալ-նահանգապետի իշխանության ներքո: Ախալքալաքի գավառը ժամանակավորապես մնալու էր Վրաստանի իշխանության տակ: Թեև այդ հիմնախնդրի վերջնական լուծման համար ստեղծվել էր հայ-վրացական հանձնախումբ, սակայն որևէ լուծում չի տրվել: Հարևան երկրներից միայն Իրանի հետ են հաստատվել բարիդրացիական հարաբերություններ: Ադրբեջանի ու Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ ի սկզբանե կոշտ ու թշնամական էր: Ադրբեջանը տարածքային հավակնություն ուներ Զանգեզուրի, Լեռնային Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ: 1919 թ-ի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրել են Կարսի մարզը և Նախիջևանի գավառը. Կարսի նահանգապետ է նշանակվել Ստեփան Ղորղանյանը:Այսպիսով` հանրապետության տարածքն ընդարձակվել և հասել է 60 հզ. կմ

2-ի:1919 թ-ի աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել Զանգեզուրի համար: Միայն Անդրանիկի, ապա՝ Դրոյի ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվել է պահպանել Զանգեզուրը: 1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայության 2-րդ համագումարը, որոշում է ընդունվել Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին:Անկախության տարեդարձի օրը՝ մայիսի 28-ին, Կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ա. Խատիսյանը, Հայաստանը հռչակել է Անկախ և Միացյալ Հանրապետություն: Փաստորեն ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: 1919 թ-ի հունիսին տեղի են ունեցել ընտրություններ (միակը ՀՀ-ում)՝ 366 հզ. ընտրողների և 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Օգոստոսի 1-ին գումարված նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստում նախագահ է ընտրվել Ավետիս Ահարոնյանը (դաշնակցական): Հանրապետությունը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակում էր, քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները: 1918 թ-ի վերջին և 1919 թ-ի սկզբին սովյալների թիվն անցնում էր կես միլիոնը: Սովից ու համաճարակներից մահացել է 180 հզ. մարդ, հիմնականում՝ արևմտահայ գաղթականներ:Արտասահմանում օգնություն կազմակերպելու համար Եվրոպա և Ամերիկա է մեկնել պատվիրակություն՝ Հ. Քաջազնունու գլխավորությամբ: Ամերիկյան առաջին օգնությունը Հայաստան է հասել 1919 թ-ի մայիսին: Հանրապետության տարբեր վայրերում ստեղծվել է մանկատների ցանց: Ամերիկյան կոմիտեն (Ամերկոմ) մեծ օժանդակություն է ցուցաբերել երկրի չքավոր ու գաղթական բնակչությանը:Սփյուռքահայ մի շարք բարեգործ մեծահարուստներ միջոցներ են հատկացրել և կտակներ փոխադրել Հայաստան (Եգիպտոսից՝ Մելգոնյան եղբայրները, Բաքվից՝ Արշակ Ղուկասյանը, Ստավրոպոլից՝ Պոպովը, և ուրիշներ):Լուսավորության և մշակույթի նախարար Նիկոլ Աղբալյանի ջանքերով 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում բացվել է պետական համալսարանը: Հիմնադրվել է Հնությունների պահպանման պետական կոմիտե, նախատեսվում էր ստեղծել նաև պետական թատրոն:ՀՀ կայունությանը, սակայն, սպառնում էին թուրք-թաթարական ներքին խռովությունները, որոնք ճնշելու համար իշխանությունները ստիպված էին դիմելու զինված ուժերին: Ճնշվել է թուրք-թաթարական խռովությունը Զանգիբասարում (հետագայում՝ Մասիսի շրջան), Բեյուք-Վեդիում (Արարատի շրջան, երկուսն էլ այժմ ՀՀ Արարատի մարզում են) և այլ վայրերում:ՀՀ-ում կյանքի կայունացման ընթացքը խանգարվել է 1920 թ-ի մայիսին բոլշևիկների կազմակերպած ապստամբությամբ: Մայիսի 5-ին կազմվել է նոր Կառավարություն՝ Համազասպ Օհանջանյանի գլխավորությամբ, ընդունվել է օրենք արտակարգ դրություն մտցնելու մասին: Մայիսի կեսերին կառավարական ուժերին հաջողվել է ճնշել ապստամբությունը, որը, սակայն, երկրի համար ծանր հետևանքներ է ունեցել:1920 թ-ից սկսվել է Հայաստանի միջազգային ճանաչման նոր շրջանը: Հունվարի 23-ին Փարիզի խորհրդաժողովում Անտանտի երկրները որոշել են փաստացի (դե ֆակտո) ճանաչել Հայաստանի անկախությունը: 1920 թ-ի ապրիլի 24-ին ճանաչել է նաև ԱՄՆ-ը: Հայաստանում ներկայացուցչություններ են ստեղծել Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, միջազգային տարբեր ընկերություններ:Դեռևս 1918 թ-ի վերջին Հայաստանի խորհրդարանը կազմել էր հատուկ պատվիրակություն՝ Ավետիս Ահարոնյանի գլխավորությամբ, և ուղարկել Եվրոպա՝ 1919 թ-ի հունվարին Փարիզի Խաղաղության խորհրդաժողովում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Փարիզ է ժամանել նաև արևմտահայության շահերը ներկայացնող ազգային պատվիրակությունը՝ Պողոս Նուբարի գլխավորությամբ. մշակվել է խորհրդաժողովին ներկայացվելիք միասնական ծրագիր:Թուրքիայի հետ հաշտության նախագծի մշակման համար 1920 թ-ի ապրիլին Սան Ռեմոյի (Իտալիա) խորհրդաժողովում մեծ տերությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են հրավիրել Հայկական հարցին՝ լուծումը համարելով Հայաստանի 2 հատվածների միավորումը: Այդ նպատակով անհրաժեշտ էր, որ որևէ մեծ տերություն ընդուներ Հայաստանի հովանավորությունը: ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնը համաձայնել է ստանձնել Հայաստանի մանդատը, սակայն 1920 թ-ի հունիսի 1-ին ԱՄՆ-ի Սենատը (52 դեմ, 23 կողմ) մերժել է:1920 թ-ի օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում Անտանտի երկրները և Թուրքիան ստորագրել են պայմանագիր, որը հայանպաստ էր: ՀՀ-ի կողմից պայմանագիրն ստորագրել է Ավետիս Ահարոնյանը: Պայմանագրի 88–93-րդ հոդվածները վերաբերում էին Հայաստանին: Ցավոք, ստեղծված միջազգային նոր իրադրության պայմաններում այս պայմանագիրը կյանքի չկոչվեց: Ավելին, շուտով Թուրքիայում իրավիճակի տեր դարձան քեմալականները, որոնք չճանաչեցին ո՜չ Սևրի պայմանագիրը, ո՜չ Հայաստանի Հանրապետությունը:Հայաստանի Կառավարությունը փորձել է Ռուսաստանի հետ հաստատել բարիդրացիական հարաբերություններ: Խորհրդարանի փոխնախագահ Լևոն Շանթի գլխավորությամբ հատուկ պատվիրակություն է ուղարկել Մոսկվա: Սակայն քեմալականներն ու Խորհրդային Ադրբեջանն ամեն կերպ խոչընդոտել են հայ-ռուսական պայմանագրի ստորագրումը:1920 թ-ի մայիսին Կարմիր բանակը մտել է Ղարաբաղ, հունիսին՝ Զանգեզուր, օգոստոսին՝ Նախիջևան՝ առանց հայկական զինված ուժերի դիմակայության: Օգոստոսի 10-ին Թիֆլիսում կնքվել է հայ-ռուսական համաձայնագիր, որով Հայաստանը հավանություն էր տալիս այդ գավառների՝ իբրև հայ-ադրբեջանական վիճելի տարածքների, ռուսական ուժերի ժամանակավոր գրավմանը:1920 թ-ի օգոստոսի 24-ին Մոսկվայում ստորագրվել է ռուս-թուրքական պայմանագրի նախագիծը, որով Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի տարածքային ամբողջականությունը՝ Կարս, Արդահան, Բաթում քաղաքները ներառյալ: Ըստ էության՝ այդ համաձայնագիրը Հայաստանի դեմ էր:1920 թ-ի սեպտեմբերի 28-ին քեմալական բանակը, Քյազիմ Կարաբեքիրի հրամանատարությամբ, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվել է Հայաստանի վրա: Հետագայում թուրքական կառավարությունը պատերազմի վերաբերյալ տարածած հաղորդագրության մեջ Հայաստանը ներկայացրել է որպես նախահարձակ:Հայաստանի Կառավարությունը երկրում հայտարարել է ռազմական դրություն: Բոլոր կուսակցությունները, բացի բոլշևիկյանից, հանդես են եկել հայրենիքի պաշտպանության կոչով: Սեպտեմբերի 29-ին թուրքերը գրավել են Սարիղամիշը, ապա՝ Կաղզվանը: Հայկական բանակը, Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Կարսի մատույցներում, սակայն հոկտեմբերի 30-ին թշնամին առանց դիմադրության գրավել է նաև Կարսի բերդը: Շուրջ 3 հզ. հայ զինվոր և 120 սպա գերի են ընկել: Նոյեմբերի 7-ին ընկել է նաև Ալեքսանդրապոլը:Նոյեմբերի 18-ին հայկական կողմը հարկադրված ընդունել է թուրքերի առաջարկած զինադադարը: 1920 թ-ի նոյեմբերի 24-ին կազմվել է նոր կառավարություն Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն, 11-րդ Կարմիր բանակի օգնությամբ, Ադրբեջանից մտել է Իջևան և երկրում հայտարարել խորհրդային իշխանություն:Դեկտեմբերի 2-ին Երևանում ՀՀ-ի և ՌԽՖՍՀ-ի ստորագրած համաձայնագրով Հայաստանը հռչակվել է խորհրդային հանրապետություն, իսկ իշխանությունը ժամանակավորապես, մինչև հեղկոմի ժամանումը Երևան, հանձնվել է զինվորական հրամանատարությանը՝ Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ: Դեկտեմբերի 2-ի` լույս 3-ի գիշերը իր գոյությունը դադարեցրած Կառավարության պատվիրակությունն Ալեքսանդրապոլում կնքել է հայ-թուրքական նվաստացուցիչ պայմանագիրը, որով ավարտվել է հայ-թուրքական պատերազմը: ՀՀ-ն գոյություն է ունեցել երկուսուկես տարի: Հայտնվելով միջազգային հակասությունների բարդ ու խառնակ հանգուցակետում, պարտվելով Թուրքիային, մշտապես ենթարկվելով Խորհրդային Ռուսաստանի ճնշմանը, լքված Արևմուտքի օգնությունից` Հայաստանի առաջին հանրապետությունը դադարել է գոյություն ունենալուց: Նրան հաջորդել է Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը:

Հայոց պատմ․

1918թ. Մայիսյան հերոսամարտերը

Մայիսյան հերոսամարտերը Սարդարապատի (մայիսի 21–29), Բաշ Ապարանի (մայիսի 23–29), Ղարաքիլիսայի (մայիսի 24–28) ճակատամարտերն են, որոնք ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքական ծրագիրը: Այդ հաղթանակների շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը։ 1918 թ-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը: Ռուսաստանում Հոկտեմբերյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ռուսական զորքերը լքել են Կովկասյան ռազմաճակատը: Տրապիզոնից մինչև Վանա լիճ՝ 400 կմ երկարությամբ, թուրքերին դիմակայել են գերազանցապես հայկական խմբեր և նոր կազմավորվող զորամասեր: Թուրքական զորքերը, խախտելով Անդրկովկասի կոմիսարիատի հետ 1917 թ-ի դեկտեմբերի 5-ին կնքած զինադադարը, 1918 թ-ի փետրվարի 10-ին անցել են հարձակման և նվաճել Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը: Հայկական առանձին բանակային կորպուսը, գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, գերակշիռ ուժերի ճնշման տակ նահանջել է. նրա հետ արտագաղթել են տասնյակհազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովել է Անդրանիկի ջոկատը: Մայիսի 15-ին, Ալեքսանդրապոլը (այժմ՝ Գյումրի) գրավելուց հետո, թուրքական մի զորամաս արշավել է Ղարաքիլիսա (այժմ՝ Վանաձոր), իսկ 36-րդ դիվիզիան, Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ թափանցելով Արարատյան դաշտ, արշավել է Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով:

Սարդարապատի ճակատամարտը

Մայիսի 22–29-ը Արագածի լանջերից մինչև Արաքս, Սարդարապատից մինչև Սևան գիշեր-ցերեկ անդադար ղողանջել են բոլոր եկեղեցիների զանգերը: Ժողովուրդը զինվել և օգնության է հասել զորամասերին: Սարդարապատի պաշտպանության կազմակերպումը Թ. Նազարբեկյանը հանձնարարել է Երևանի զորախմբի հրամանատար գեներալ Մովսես Սիլիկյանին: Պաշտպանական միջոցներ են ձեռնարկվել նաև Կողբի և Իգդիրի ուղղությամբ. գնդապետ Տիգրան Բաղդասարյանի հետևակային 3-րդ բրիգադը դիրքավորվել է Նախիջևան–Շարուր ուղղությամբ: Սարդարապատի զորախումբը, գնդապետ Դանիել բեկ Փիրումյանի հրամանատարությամբ, դիրքեր է գրավել Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորամասին դիմակայելու համար, իսկ 6-րդ հեծյալ և 2-րդ պարտիզանական գնդերին հանձնարարվել է սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակել Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը: Թիկունքի և Երևանի պաշտպանությունը ղեկավարել է Արամ Մանուկյանը: Թուրքական բանակի առաջապահ ուժերը մայիսի 21-ին գրավել են Սարդարապատ կայարանն ու նույնանուն գյուղը (այժմ՝ Հոկտեմբեր) և Գեչռլուն (այժմ՝ գ. Մրգաշատ): Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային (հրամանատար՝ Վասիլի Պերեկրյոստով), Իգդիրի հետևակային և Զեյթունի հեծյալ (հրամանատար՝ Սարգիս Սալիբեկով) գնդերը Քյորփալուից (այժմ՝ գ. Արշալույս) և Ղուրդուղլուից (այժմ՝ գ. Արմավիր) անցել են հարձակման, Ղամշլու (այժմ՝ գ. Եղեգնուտ) գյուղի մոտ կոտրել թուրքերի դիմադրությունը, վերագրավել Սարդարապատ կայարանն ու գյուղը և հարկադրել թշնամուն նահանջել շուրջ 15–20 կմ: Սակայն երբ հայկական ուժերը դադարեցրել են հետապնդումը, թուրքերը վերադասավորել են ուժերը և ամրացել Արաքս կայարանի հյուսիսարևմտյան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Մայիսի 22–26-ի մարտերի ընթացքում զոհվել է 3500 թուրք: Հակառակորդը որոշել է համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ են մղել նաև օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Սարդարապատի ճակատամարտին մասնակցել են հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, սեռից ու տարիքից: Ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները: Սարդարապատի ճակատամարտի վայրում 1968 թ-ին կառուցվել է հերոսամարտին նվիրված հուշահամալիրը:

Բաշ Ապարանի ճակատամարտը

Թուրքական հրամանատարությունը Բաշ Ապարան ուղարկած 9-րդ դիվիզիայով փորձել է հյուսիսից արշավել Երևան, անցնել Սարդարապատի շրջանում հակահարձակման անցած հայկական զորամասերի թիկունքը և նրան կտրել Երևանից: Այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի (Դրաստամատ Կանայան) գլխավորությամբ շտապ ուժեր (6 հզ. մարդ) է տեղափոխել Բաշ Ապարան: Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը մտել է Ալի Քուչակ (այժմ՝ Քուչակ)՝ դեպի Բաշ Ապարան արշավող թուրքերին դիմակայելու համար: Մայիսի 29-ին Բաշ Ապարանում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչնչացվել ծանր հրետանին: Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, հետ է մղվել Բաշ Ապարանից արևմուտք: Ճակատամարտում հայկական զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել նաև եզդի աշխարհազորայինները (1500 հեծյալ)՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ: Բաշ Ապարանի ճակատամարտով կասեցվել է թուրքական զորքերի արշավանքը Երևան և Արարատյան դաշտ:

Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողի (1979 թ.) մոտ 2000 թ-ի մայիսի 28-ին վերաթաղվել է Դրոյի աճյունը:

Ղարաքիլիսայի ճակատամարտը

Ալեքսանդրապոլը գրավելուց հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրքական զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (այժմ՝ Լուսաղբյուր), Ղալթաղչին (այժմ՝ Հարթագյուղ), մայիսի 21-ին՝ Վորոնցովկան (այժմ՝ ք. Տաշիր): Ջալալօղլիի (այժմ՝ ք. Ստեփանավան) մոտ մայիսի 21–22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում, ապա շարժվել դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկյանի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ բեյ Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (այժմ՝ Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ: Հայկական զորքն ունեցել է 6 հզ. զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հզ. զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր: Հայկական զորքին օգնության են հասել Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի): Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5000 մարդ), ավերել բնակավայրերը և անցել Ղազախ:

Ղարաքիլիսայի ճակատամարտի շնորհիվ թուրքական զավթիչները հրաժարվել են Թիֆլիս գնալու մտադրությունից և չեն կարողացել մտնել Սևանի ավազան:

Հայոց պատմ․

Բոլշևիկյան հեղաշրջումը Ռուսաստանում և Հայաստանը

Բոլշևիկյան հեղաշրջումը

Ռուսական հեղափոխությունը զինված ապստամբություն էր, որը տեղի ունեցավ 1917-ի փետրվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, որի հետևանքով տապալվեց ցարական միապետությունը և որից հետո նույն թվականի հոկտեմբերին իշխանությունն անցավ բոլշևիկների ձեռքը։ Երկրում հաստատվեց լենինյան ռեժիմ։ Վերջինս, սակայն հանգեցնում է մի շարք բռնությունների, սկսվում է քաղաքացիական պատերազմ բոլշևիկների, Սպիտակ բանակայինների ինչպես նաև այլ հակառակորդների միջև։ Հակամարտությունների պատճառով երկրում առաջացավ տնտեսական ճգնաժամ և սով, որը շարունակվեց ամբողջ պատերազմի ընթացքում։ Պատերազմն ավարտվեց բոլշևիկների հաղթանակով։ Նախկին Ռուսական կայսրության տարածքի մեծամասնության վրա կազմավորվեց ԽՍՀՄ-ը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն։ Այս իրադարձությունները պատմության մեջ առաջացրին շատ հարցեր, որոնք մինչ այժմ չեն ստացել իրենց լիարժեք պատախանները։ Պատմաբանները դեռ մտորումների մեջ են, թե արդյոք «փետրվարյան հեղափոխությունը» ծնեց «հոկտեմբերյան հեղափոխություն» կամ հոկտեմբերյան իրադարձություններն ինչպես կոչել հեղափոխություն, հեղաշրջում թե այդ երկուսի համակցությունը։ 19-ից 20-րդ դարերի ընթացքում բնակչության բոլոր խմբերի անդամները (ուսանողներ կամ աշխատողներ, գյուղացիներ կամ ազնվականներ) փորձել են տապալել միապետությունը, սակայն վերջիններս չեն ունեցել հաջողություններն և նրանց հակամիապետական քաղաքականությունը որակավորվել է որպես ահաբեկչություն։ Շատ հեղափոխականներ բանտարկվեցին կամ տեղահանվեցին, իսկ մյուսները կարողացան փախչել և միանալ աքսորյալներին: Այս տեսանկյունից 1917 թվականի հեղափոխությունն ամենաերկարատևն ու հաջողվածն է։ Այն կարելի է ասել անհրաժեշտ ռեֆորմացիա էր, որի իրականացմանը չկարողացան խանգարել ոչ մի քաղաքական միավորում։ Գործարանները բավականաչափ արդյունավետ չէին, երկաթուղային ցանցը արդյունավետ և անկատար չէր, բանակի սպառազինությունը կեղտոտ էր, իսկ սննդի մատակարարումը լավ կազմակերպված չէր։ Հակամարտությունների ընթացքում զոհվեցին շուրջ 1,700,000 մարդ իսկ 5,950,000 էլ վիրավորվեցին, որի պատճառով ընկավ բանակի մարտական ոգին։ Զինվորները կռվի ժամանակ օգտագործում էին այնպիսի տրամաչափի փամփուշտներ, որոնք չէին համապատասխանում իրենց հրացաններին։ Հեղափոխություն իրականացնելու համար 1917 թվականի փետրվարը բավական հարմար էր՝ ցուրտ ձմեռ, սննդի պակաս, պատերազմյան հոգնածություն։ Ամեն ինչ սկսվեց փետրվար ամսվա սկզբին մայրաքաղաք Սանկտ-Պետերբուրգում։ Երկրում սկսվեցին համատարած գործադուլներ։ Փետրվարի 23-ին՝ (նոր օրացույցով մարտի 8-ին) կանանց միջազգային օրը, Պետրոգրադի կանայք կազմակերպեցին ցույց, որտեղ ներկայացրին իրենց պահանջները։ Խոսքը հիմնականում վերաբերում է հացի պահանջարկին։ Թեև առաջին օրն արդեն բախումներ տեղի ունեցան բնակչության և զինյալ ուժերի միջև, բայց դրանից տուժողեր չեղան։Չնայած ռուս բնակչությունը արդեն հոգնել էր պատերազմից և երկրում տիրող իրավիճակից, այնուամենայնիվ կառավարությունը բացառում էր Ռուսաստանի պատերազմից դուրս գալու փաստը։ Ապրիլին տեղի ունեցավ գաղտնի ժողով, որտեղ ժամանակավոր կառավարությունը և խորհրդի անդամները եկան այն եզրահանգման, որ պայմանագրերի չարաշահումը և պատերազմը շուտով կառաջացնեն զինվորների և բնակչության բարկություն։ Կառավարության դեմ ցույցերը առաջացնում են հեղափոխության առաջին իսկական զինված բախումները։ Բոլշևիկյան խորհրդի նիստում կապված Հեղափոխության հետ առաջացել էին տարաձայնություններ՝ մի մասը գտնում էր, որ դեռ պահը չի հասունացել հեղափոխություն իրականացնելու համար, իսկ մյուս մասը Լենինի և Լև Տրոցկու գտնում էր, հակառակը, որ ճիշտ ժամանակն է կազմակերպել զինված խռովություն իշխանությունը Ժամանակավոր կառավարության ձեռքից վերցնելու համար: Վերջիններիս ձայնը գերազանցեց և ի վերջո եկան համաձայնության իշխանափոխության վերաբերյալ, որը նախատեսվում էր կազմակերպել հոկտեմբերի 25-ին։ Ապստամբությունը սկսվեց 1917 թվականի հոկտեմբերի 24-ի գիշերվանից (նոյեմբերի 6 ժամանակակից օրացույցով) մինչև հոկտեմբերի 25-ը (նոյեմբերի 7 ժամանակակից օրացույցով)։ Իրադարձությունները տեղի ունեցան գրեթե առանց արյունահեղության։ Կարմիր բանակայինների գլխավորությամբ բոլշևիկները մինչև Ձմեռային պալատի վրա հարձակվելը գրեթե առանց դիմադրության գրավեցի քաղաքի կամուրջները, երկաթուղային կայանները։ Պաշտոնական տվյալներով այս դեպքերի մասին անգամ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացնում են իրադարձությունները հերոսական տեսանկյունից։ Ապստամբության ժամանակ եղան միայն հինգ մահացածներ և մի քանի վիրավորներ։ Հոկտեմբերի 25-ին, Տրոցկին պաշտոնապես հայտարարեց Ժամանակավոր կառավարության լուծարումը։ Նոր խորհրդարանի բացման ժամանակ ներկա էին 562 պատվիրակներ, որոնցում 382-ը բոլշևիկներ էին իսկ 70-ը ձախ Էսէռներ։ Նոր կառավարության գալուց անմիջապես հետո մի քանի ժամվա ընթացքում ընդունվեցին մի շարք որոշումներ ու փոփոխություններ կատարվեցին կառավարման համակարգում։ Իր առաջին ելույթի ժամանակ Լենինն ասել էր. «Ժամանակն է, որ մենք անցում կատարենք դեպի սոցիալիստական համակարգ»։ Առաջնահերթ Լենինը խոստացել էր բանակցություններ սկսել ռազմատենչ երկրների հետ, որով կապահովեր «ժողովրդավարական խաղաղություն»։ 1920 թվականին գյուղատնտեսության Ժողովրդական կոմիսարիատի պաշտոնական տվյալների համաձայն գյուղացիները ստացել էին 23,27 միլիոն հա հողատարածք, բացի այդ ազատվել էին վարձավճարից մինչև 700 մլն ռուբլի։ Իսկ բոլշևիկները վերացրել էին գյուղացիների հողային բանկային պարտքը, որը հասել է 1,4 միլիարդ ռուբլի։ Քննարկվեցին և ընդունվեցին մի շարք օրենքներ կապված մահապատժի վերացման, բանկերի ազգայնացման, աշխատողների նկատմամբ վերահսկողության սահմանման հետ։ Սահմանվեց աշխատանքային ութ ժամյա օր, վերացվեցին եկեղեցու արտոնությունները, այսինքն եկեղեցին այլևս չէր միջամտելու պետական գործերին։ Խոսելով Հոկտեմբերյան իրադարձությունների մասին շատ մեկնաբաններ մինչ այժմ հավաստիացնում են, որ Հոկտեմբերյան հեղափոխությունն իրականում եղել է որոշակի և կազմակերպված փոքրամասնության կողմից կատարված հեղաշրջում, որի նպատակն է եղել ամբողջ իշխանությունը կենտրոնացնել բոլշևիկների ձեռքին։ Հեղափոխությունների ալիքը շուտով ավարտվեց և բոլշևիկյան իշխանությունը մնաց մեկուսացված։ Լենինը և Տրոցկին Պետերբուրգում վերցնելով իշխանությունը մտադրություն ունեին կառուցել սոցիալական կարգեր ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլ նաև նրա տարածքներից դուրս։

Ովքե՞ր էին բոլշևիկները

Բոլշևիկները ձգտում էին ստեղծել պրոֆեսիոնալ հեղափոխականների կուսակցություն, իսկ մենշևիկները զգուշանում էին կուսակցության քրեականացումից և հակված էին ինքնակալության դեմ պայքարի առավել լեգիտիմ եղանակներին։ Հետագայում առաջացած և շատ մի շարք պետություններում էսէռների և անարխիստների կողմից տարածված՝ հերյուրանքի համաձայն «բոլշևիկներ» (արտասահմանում թարգմանվում էր, որպես «մաքսիմալիստներ») անվանումը առաջացել է «մաքսիմալ» ծրագրից (այն հետապնդում էր բուրժուա դասակարգի ամբողջական վերացումը և զուտ աշխատավոր շարժման ստեղծումը), իսկ մենշևիկները, իբրև թե «մինիմալ ծրագրի» հետևորդներ էին և պաշտպանում էին մանր բուրժուաների և կուլակների շահերը։ Բոլշևիկները Ռուսաստանում իշխանության են հասել Հոկտեմբերյան և Ռուսական հեղափոխությունների արդյունքում և ստեղծել են ՌԽՖՍՀ-ն, որն էլ 1922 թվականի դեկտեմբերի 30-ին միավորվել է ՈւԽՍՀ-ի, ԲԽՍՀ-ի և ԱԽՖՍՀ-ի հետ, և ձևավորվել է ԽՍՀՄ-ը։ 

Անդրկովկասյան կոմիսարիատի ստեղծումը և գործունեությունը

Հեղափոխական ալիքը մի փոքր ուշացումով հասավ Անդրկովկաս, տարածվեց նաև Հայաստանում։ Բոլորը ողջունում էին հեղափոխությունը, պահանջում հաստատել իրավական քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ։ 1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ) ՝ Պետական IV դումայի կովկասյան 5 պատգամավորներից։ Պատերազմական առումով 1917թ. ռուս-թուրքական ճակատում նշանակալի իրադարձություններ տեղի չունեցան։ Ռուսաստանի նոր կառավարությունը իր գոյության 8 ամսիների ընթացքում այդպես էլ չբացահայտեց իր ծրագիրը Հայաստանի ապագայի հարցում, այնուհանդերձ նրա որոշակի քայլերը լայնատեսորեն էին տրամադրել հայ քաղաքական շրջանակներին։ 1917թ. ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի գրավված տարածքում կառավարման նոր ձև մտցնելու մասին։ Առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց և ձևակերպում ստացավ Օսմանյան կայսրությունից նվաճված տարածքի հայկական մասը ՝ որպես վարչական առանձին միավոր ՝ «Թուրքահայաստան» անունով։ Նոր իշխանությունն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանի ու հայերի նկատմամբ և սկսեց հայանպաստ քաղաքականություն իրականացնել։ Դրա վկայությունն էր նաև Արևմտահայաստանի գեներալ-կոմիսարին 1917թ. մայիսի 15-ին տրված գաղտնի «Ղեկավար հրահանգները»։ Ժամանակավոր կառավարությունը երկրամասի իշխանություններին հրահանգում էր ՝ բոլոր հայերին, ովքեր «այս պատերազմի ժամանակ կամ էլ դրանից առաջ փախել են» այդ տարածքից, ինչպես նաև նախկին թուրքահպատակ հայերին, թույլատրել վերաբնակվելու հայկական երեք մարզերում։ Երևանում 1917թ. մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին ՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը (Կոմս), իսկ պատվավոր նախագահ ՝ Անդրանիկը։ 1917թ. հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցվելու ուղղությամբ։ Փետրվարյան հեղափոխության ընձեռած ժողովրդավարական ազատությունների մթնոլորտում բուռն վերելք ապրեց հայ հասարակական կյանքը։ Հայ ազգային կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատական ու ազատակամ ուղղությունների ներկայացուցիչները օրինական գործունեության հնարավորություն ստացան։ Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր իշխանություններից պահանջում էր գործնականում ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը, ստեղծել ազգային կրթական և մշակույթային կյանքի ազատ զարգացման պայմաններ։ ՀՅԴ առաջնահերթ խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Ըստ նախագծի ՝ Արևելյան Հայաստանը Վրաստանի և երկրամասի թաթարների հետ միասին կազմելու էր մեկ պետական-ինքնավար դաշնային միավոր ՝ հանրապետական դաշնային Ռուսաստանի կազմում։ Արևմտյան Հայաստանը լիովին ազատագրվելու էր թուրքական բռնակալությունից, իսկ ապագա անկախ Հայաստանի տարածքը կազմելու էին հայկական վեց նահանգները և Կիլիկիան։ Հնչակյան կուսակցությունը ՝ ողջունելով ռուսական հաղթական հեղափոխությունը, կոչ արեց աջակցելու Ժամանակավոր կառավարությանը։ 1917թ. մարտին ստեղծվեց Հայ ժողովրդական կուսակցությունը ՝ ՀԺԿ։ ՀԺԿ-ն համարում էր, որ Հայկական հարցը պետք է լուծում ստանա միչազգային վեհաժողովում ՝ համաձայն արևմտահայերի ձգտումների։ Հեղափոխությունից հետո երկրամասում քաղաքական լուրջ դեր ստանձնեց նաև Սոցիալիստ հեղափոխականների (էսէռների) կուսակցությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ կռվող բանակում և երկրամասի քաղաքներում տեղակայված զորամասերում։ Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը ՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։

«Թուրքահայաստանի» մասին դեկրետ

Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը 1917թ. դեկտեմբերի 29-ին ընդունեց «Թուրքայաստանի» մասին դեկրետը։ Դեռևս նոյեմբերին ստեղծվել էր հանձնաժողով, որի կազմում էին տարբեր կուսակցությունների հայազգի ներկայացուցիչներ ՝ բոլշևիկներ Վառլամ Ավանեսյանը, Վահան Տերյանը, Սարգիս Լուկաշինը, ձախ էսէռ Պռոշ Պռոշյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Ռոստոմը։ Այդ հանձնաժողովն էլ մշակեց Արևմտյան Հայաստանի մասին նախագիծը։ Բոլշևիկյան կառավարությունը պաշտպանում էր պատերազմի ժամանակ գրավված հայկական մարզերի ինքնորոշման իրավունքը ՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն։ Ստեփան Շահումյանին, ով դեկտեմբերի 16-ին նշանակվել էր Կովկասի գործերի արտակարգ ժամանակավոր կոմիսար, հանձնարարվում էր ամեն տեսակի օգնություն ցուցաբերել գրավված մարզերի հայ բնակչությանը։ Դեկրետի դրական նշանակությունը այն էր, որ Խորհրդային Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում էր հայ ժողովրդի ազատ ինքնորոշման և ազգային անկախ պետություն ունենալու իրավունքը։ Բայց Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև 1917թ. դեկտեմբերի սկզբներից ընթացող հաշտության բանակցությունների պայմաններում, երբ ռուսական կողմը պարտվողական կեցվածք էր ընդունել, այս հրովարտակը վերածվեց ձևական փաստաթղթի։ Իսկ Արևմտյան Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերումը զրոյի հավասարեցրեց բոլշևիկյան հրովարտակը: Դե ֆակտո դա նշանակում է հայկական մարզերի վերադարձը Օսմանյան Թուրքիային։

Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը, ռուս-թուրքական հարաբերերություններ

Խորհրդային Ռուսաստանը յուրատիպ մոտեցումներ դրսևորեց արտաքին քաղաքականության բնագավառում։ Խզելով հարաբերությունները Ռուսաստանի դաշնակից Անտանի տերությունների հետ ՝ բոլշևիկները Բրեստ-Լիտովսկում 1917թ. դեկտեմբերի սկզբին զինադադար կնքեցին Գերմանիայի և Քառյակ միության մյուս պետությունների հետ։ Բոլշևիկյան Ռուսաստանի համար այս ամենը ուներպգաղափարական հիմնավորում ՝ հրահրել համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն և աշխարհամարտն ավարտել արդարացի հաշտություն կնքելով։ Բոլշևիկների համար Արևմտյան Հայաստանի խնդիրը երկրորդական էր, թեև Հայկական հարցը քննարկման առարկա էր բանակցությունների ողջ ընթացքում։ Խորհրդային Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը դուրս բերել Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Իրանի տարածքներից։ Խորհրդային պատվիրակության նոր ղեկավար, արտաքին գործերի ժողկոմ Լև Տրոցկին հայտարարեց հաշտության կնքումից հրաժարվելու և խորհրդային իշխանությանը ենթակա բանակի լիակատար զորացրման մասին։ Գերմանական պատվիրակությունը Տրոցկու կողմից հաշտության պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելը համարեց զինադադարի ընդհատում։ Գերմանիան 1918թ. հունվարի 28-ին հարձակման անցավ Պետրոգրադի ուղղությամբ, իսկ թուրքական զորքը նույն օրը վերսկսեց պատերազմը Կովկասյան ճակատում։ 1918թ. մարտի 3-ին Բրեստ-Լիտովսկում ստորագրվեց հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև։ Անտանտի նախկին անդամ Ռուսաստանը, անջատ հաշտություն կնքելով, դադարեցրեց իր մասնակցությունը Առաջին աշխարհամարտին։ Հաշտության պայմանագրի 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ պայմանագրի համաձայն ՝ օսմանյան Թուրքիային անցան Արևմտյան Հայաստանի ազատագրված մարզերը։ Ռուսաստանը պարտավորվեց իր զորքերը շուտափույթ դուրս հանել ոչ միայն Արևմտյան Հայաստանից, այլև Կարսի և Բաթումի մարզերից։ Ըստ լրացուցիչ պայմանագրի ՝ Ռուսաստանը պարտավորվում էր նախկին պետական սահմանից որոշակի հեռավորության վրա գտնվող տարածքից հանել բոլոր ուժերը, զորացրել հայկական կամավորական ջոկատները, Կովկասում պահել ընդամենը մեկ դիվիզիա։ Իսկ Օսմանյան Թուրքիան իր բանակը պահելու էր պատերազմական վիճակում, քանիոր Անտանտի դեմ պատերազմը շարունակվում էր։ Բրեստի հաշտության պայմանագրով ոտնահարվեցին հայ ժողովրդի իրավունքները, բոլշևիկները գործարքի գնացին Ռուսաստանի երեկվա թշնամիների հետ, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը։ Երբ ստորագրվեց այդ չարաբաստիկ պայմանագիրը, ռուսական զորքը արդեն լքել էր Կովկասյան ճակատը։ Վրաց ազգայնական մենշևիկները և պանթյուրքիստ մուսավաթականները, գործելով միասնաբար, Հայաստանը և հայ ժողովրդին թողեցին միայնակ թուրքական վտանգի առջև։

Հայոց պատմ․

Արևելյան Հայաստանը 1917թ․ փետրվար-հոկտեմբեր ժամանակաշրջանում

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ՝ 1917թ. փետրվարի 27-ին, Ռուսաստանում տեղի ունեցավ հաղթական հեղափոխություն, որը վերջ դրեց միապետական կարգերին։ Երկրում առաջացավ քաղաքական երկիշխանություն։ Պետրոգրադի բանվորական ու զինվորական պատգամավորների միացյալ խորհուրդն իր ձեռքը վերցրեց երկրի իրական իշխանությունը։ Սակայն այդ խորհրդում մեծամասնություն կազմող էսէռներն ու սոցիալ-դեմոկրատ մենշևիկները պետական կառավարումը կամովին հանձնեցին առաջադեմ բուրժուազիային ՝ իրենց վերապահելով վերջինիս նկատմամբ վերահսկողության իրավունքը։ Մարտի 2-ին իշխան Գեորգի Լվովի գրությամբ ձևավորվեց Ռուսաստանի բարձրագույն գործադիր նոր իշխանություն ՝ ժամանակավոր կառավարությունը։ Հեղափոխական ալիքը մի փոքր ուշացումով հասավ Անդրկովկաս, տարածվեց նաև Հայաստանում։ Բոլորը ողջունում էին հեղափոխությունը, պահանջում հաստատել իրավական քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ։ 1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ) ՝ Պետական IV դումայի կովկասյան 5 պատգամավորներից։ Պատերազմական առումով 1917թ. ռուս-թուրքական ճակատում նշանակալի իրադարձություններ տեղի չունեցան։ Ռուսաստանի նոր կառավարությունը իր գոյության 8 ամսիների ընթացքում այդպես էլ չբացահայտեց իր ծրագիրը Հայաստանի ապագայի հարցում, այնուհանդերձ նրա որոշակի քայլերը լայնատեսորեն էին տրամադրել հայ քաղաքական շրջանակներին։ 1917թ. ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի գրավված տարածքում կառավարման նոր ձև մտցնելու մասին։ Առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց և ձևակերպում ստացավ Օսմանյան կայսրությունից նվաճված տարածքի հայկական մասը ՝ որպես վարչական առանձին միավոր ՝ «Թուրքահայաստան» անունով։ Նոր իշխանությունն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանի ու հայերի նկատմամբ և սկսեց հայանպաստ քաղաքականություն իրականացնել։ Դրա վկայությունն էր նաև Արևմտահայաստանի գեներալ-կոմիսարին 1917թ. մայիսի 15-ին տրված գաղտնի «Ղեկավար հրահանգները»։ Ժամանակավոր կառավարությունը երկրամասի իշխանություններին հրահանգում էր ՝ բոլոր հայերին, ովքեր «այս պատերազմի ժամանակ կամ էլ դրանից առաջ փախել են» այդ տարածքից, ինչպես նաև նախկին թուրքահպատակ հայերին, թույլատրել վերաբնակվելու հայկական երեք մարզերում։ Երևանում 1917թ. մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին ՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը (Կոմս), իսկ պատվավոր նախագահ ՝ Անդրանիկը։ 1917թ. հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցվելու ուղղությամբ։ Փետրվարյան հեղափոխության ընձեռած ժողովրդավարական ազատությունների մթնոլորտում բուռն վերելք ապրեց հայ հասարակական կյանքը։ Հայ ազգային կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատական ու ազատակամ ուղղությունների ներկայացուցիչները օրինական գործունեության հնարավորություն ստացան։ Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր իշխանություններից պահանջում էր գործնականում ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը, ստեղծել ազգային կրթական և մշակույթային կյանքի ազատ զարգացման պայմաններ։ ՀՅԴ առաջնահերթ խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Ըստ նախագծի ՝ Արևելյան Հայաստանը Վրաստանի և երկրամասի թաթարների հետ միասին կազմելու էր մեկ պետական-ինքնավար դաշնային միավոր ՝ հանրապետական դաշնային Ռուսաստանի կազմում։ Արևմտյան Հայաստանը լիովին ազատագրվելու էր թուրքական բռնակալությունից, իսկ ապագա անկախ Հայաստանի տարածքը կազմելու էին հայկական վեց նահանգները և Կիլիկիան։ Հնչակյան կուսակցությունը ՝ ողջունելով ռուսական հաղթական հեղափոխությունը, կոչ արեց աջակցելու Ժամանակավոր կառավարությանը։ 1917թ. մարտին ստեղծվեց Հայ ժողովրդական կուսակցությունը ՝ ՀԺԿ։ ՀԺԿ-ն համարում էր, որ Հայկական հարցը պետք է լուծում ստանա միչազգային վեհաժողովում ՝ համաձայն արևմտահայերի ձգտումների։ Հեղափոխությունից հետո երկրամասում քաղաքական լուրջ դեր ստանձնեց նաև Սոցիալիստ հեղափոխականների (էսէռների) կուսակցությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ կռվող բանակում և երկրամասի քաղաքներում տեղակայված զորամասերում։ Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը ՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։

Հայոց պատմ․

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիսը» ՀՅԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր ՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքակամ կառավարության պարագլուխներին պատժելու նպատակով։ Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.): 
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք(Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ 

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահավճիռը: Արշավիր Շիրակյանը 1921 թ-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին: Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը: Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան): Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:

Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար: 

Արամ Երկանյանը 1920 թ-ի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ Միսաք Թորլաքյանը 1921 թ-ի հուլիսի 19-ին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Բաքվի և Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեյբութ խան Ջևանշիրին:

Հայոց պատմ․

1-ին համաշխարհային պատերազմի կովկասյան ռազմաճակատը

Օսմանյան բանակի հրամանատարությունը Անդրկովկասի և Իրանի ուղղությամբ կենտրոնացել էր թուրքական 3-րդ բանակը, որն ուներ 300000 զինվոր։ Գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերը թքւրքական ռազմանավերի հետ միասին 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելիորեն հարձակումներ գործեցին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստների վրա։ 1914թ. հոկտեմբերի 21-ին Նիկոլայ 2-ը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշանակվեց մոտ 182-հազարանոց կովկասյան ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Պատերազմի սկզբնական փուլի ամենանշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր, որն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ. հունվարի 5-ը։ Թուրքական 3-րդ բանակը, որի հրամանատարությունը ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդվինն ու Արդահանը, ընդհուպ մոտենալ Բաթումին ու Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը։ Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց։ Միայն 12000 հոգի ՝ օսմանյան զորքի մնացորդները, հասան Էրզրում. մնացած 78 հազարը սպանվեց, ցրտահարվեց կամ գերի ընկավ։ 1915թ. գարնանը կովկասյան բանակի հրամանատարությունը առաջադրանք ստացավ վճռական հարված հասցնելու թուրքերին Վանի ուղղությամբ։ Թուրքական կողմը կարողացավ վերականգնել իր 3-րդ բանակը, չնայած որ օսմանյան զորքերի մեծ մասը այդ ժամանակ կենտրոնացվել էր Գալիպոլիի ճակատում։ Կոստանդնուպոլիսը գրավելու նպատակով 1915թ. փետրվար-մարտ ամիսներին անգլո-ֆրանսիական ռազմական ուժերը իրականացրին Դարդանելի գործողությունը։ Դրա անհաջող ավարտից հետո Ռուսաստանի դաշնակիցները ապրիլի 12-ից դեսանտային ուժեր ափ հանեցին Գալիպոլի թերակղզում։ Թուրքական զորքերը պատերազմի սկզբից հարձակման էին անցել Իրանի հյուսիսային շրջանում։ Նպատակն էր տեղի մահմեդական բնակչության օգնությամբ գրավել այդ տարածքը ռուսներից, ինչպես նաև Իրանին ներքաշել պատերազմի մեջ ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպատականի հայերի նկատմամբ։ 1915թ. հունվարի դրությամբ այս վայրերից մոտ 50000 հայեր էին անցել դեպի Այսրկովկաս ՝ փրկվելով կոտորածից։ Ռքւսական կովկասյան բանակը մի շարք հաղթանակներ տարավ 1915թ. գարնանը և ամռանը։ Նա գրավեց Թավրիզը, Ուրմիայի շրջանը, Վանը։ Ռուսական զորքը և հայ կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց չկարողացան գրավել այդ շրջանները։ Վանի ռուսական զորախումբը 1915թ. հուլիսի 9-ին սկսեց նահանջել և մի քանի օր հետո հասավ ռուսական տերության սահմաններին։ Այդ նահանջը կարճատև եղավ. ռուսական զորքը հուլիսի վերջին վերստին նվաճեց նախկին դիրքերը Վանի նահանգում և Բայազետ-Մանազկերտի շրջանում, բայց մինչ այդ Բիթլիսի, Խնուսի, Մուշի և Սասունի հայության մեծագույն մասը զոհ գնաց սկսված Մեծ եղեռնին։ Ռուսական զորքերը ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին մտան Էրզրում։ Էրզրումի գրավումը Կովկասյան ճակատում Ռուսաստանի ամենախոշոր հաղթանակն էր։ 1916թ. սկզբից մինչև ամառ ռուսական զորքերը գրավեցին Խնուսը, Մուշը, Բիթլիսը, Տրապիզոնը, Դերջանը, Երզնկան և Բաբերդը։ Նվաճելով Արևմտյան Հայաստանի գերակշիռ մասը ՝ Ռուսաստանը ամրացավ Մերձավոր Արևելքում։ Ռուսական գործող բանակի շտաբը 1916թ. փետրվարին Կարսից տեղափոխվեց Էրզրում և դարձավ Թուրքիայից պատերազմի իրավունքով գրավված տարածքի ռազմավարչական կենտրոնը։ Անգլիան և Ֆրանսիան, անհանգստանալով Կովկասյան ճակատում ռուսների հաղթանակներից, փորձեցին կանխել Ռուսաստանի հնարավոր միայնակ մուտքը Կ.Պոլիս և նեղուցների գոտի։ Գալիպոլիի պարտությունից հետո դաշնակիցները ծրագրեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել Միջագետքի ուղղությամբ։ Մի քանի ամիս ընթացած անգլո-ֆրանսիական գաղտնի բանակցություններն ավարտվեցին Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման վերաբերյալ համաձայնության ստորագրմամբ։ Այն հայտնի է «Սայքս-Պիկոյի համաձայնագիր» անունով, որի նախագիծը կազմել էին անգլիացի դիվանագետ Սայքսը և ֆրանսիացի դիվանագետ Պիկոն։ Մինչ այդ համաձայնության նախնական տարբերակը Սայքսը և Պիկոն 1916թ. մարտի 9-ին Պետրոգրադում հանձնել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովին։ Փոխզիջումների միջոցով երեք կողմերը վերջնական տեսքի բերեցին Օսմանյան կայսրության տարածքների բաժանման ուրվագիծը։ Ռուսաստանին էին անցնելու նեղուցները, Կ.Պոլիսը և Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը։ Դրա դիմաց ռուսները համաձայնվեցին Կիլիկիայի, Փոքր Հայքի և արաբական տարածքների անգլո-ֆրանսիական բաժանմանը։ 1916թ. մայիսի 16-ին, Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց վերոնշյալ համաձայնագիրը։

Հայոց պատմ․

Հայ կամավորական շարժում

Կովկասի ռուսական իշխանությունը 1914թ. աշնան սկզբներին դիմեց որոշակի քայլերի ՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում պարզելու համար։ Հայերը կամավորական խմբերով պետք է աջակցեին ռուսական զորամասերին։ Հայ ղեկավար ուժերը հույս ունեին ռուսական զորքի օգնությամբ իրականացնել հայկական նահանգների ու Կիլիկիայի ինքնավարության հաստատումը Ռուսաստանի հովանու ներքո։ 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող մոտ 2 մլն հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ) Սալմաստում, Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ) Իգդիրում, Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ) Կաղզվանում, Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ) Սարիղամիշում։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ ջոկատը հրամանատար՝ Ա. Ջանփոլադյանի կողմից, 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ), 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ և 8-րդ ջոկատը Նիկոլ Աղբալյանի գլխավորությամբ։ Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո: Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները: Անդրանիկի ջոկատը ռուսական 4-րդ կորպուսի կազմում 1916 թ. հունվարի սկզբներին Վանից շարժվելով Մուշի, Բիթլիսի ուղղությամբ, համառ, արյունահեղ մարտեր մղեց թշնամու գերազանցող ուժերի դեմ և մասնակցեց բազմաթիվ հայկական գյուղերի, քաղաքների ազատագրմանը: Անգամ սաստիկ սառնամանիքը չխանգարեց ազատագրել Բիթլիսը, ինչը ռուսական հրամկազմը անհնարին էր համարում: 1915-1916 թթ. հայ կամավորականների անմիջական մասնակցությամբ ռուսական Կովկասյան բանակն ազատագրեց հայաթափված Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Վան, Բիթլիս, Բաբերդ, Երզնկա, Էրզրում: Սակայն, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից, իսկ թուրք զորքերը, անցնելով հարձակման, վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։ Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից (հրամանատար Դրո) 1914-1916 թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական:

Հայոց պատմ․

Համաշխարհային պատերազմները և դրանց հետևանքները

1914թ. ակնհայտ դարձավ Եվրոպայում ձևավորված երկու ռազմաքաղաքական դաշինքների ՝ Եռյակ միության և Անտանտի հակամարտության անհաշտելի ընթացքը։ Գերմանական կայսրությունը ձգտում էր իրագործելու հակագերմանական գաղափարները ՝ Եվրոպայի կենտրոնում ստեղծել «Մեծ Գերմանիա», զավթել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Բելգիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, մերձբալթյան երկրները, լեհական հողերը, գերիշխել Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում։ Ըստ գերմանացիների, այդ բոլորը ի վերջո կհանգեցներ Գերմանիայի համաշխարհային գերիշխանության։ Գերմանիայի դաշնակից Ավստրո-Հունգարիան խնդիր էր դրել Գերմանիայի հետ միասին կանխելու սլավոնական նոր պետությունների կազմավորումը Բալկաններում, ինչպես նաև զավթելու Սերբիան, Չեռնոգորիան, Ռուսաստանի կազմում գտնվող լեհական հողերի մի մասը, գերիշխելու Ադրիատիկ, Սև և Էգեյան ծովերում։ Իտալիան ձգտում էր Ավստրո-Հունգարիայից խլելու Ադրիատիկ ծովի հյուսիսային ափերը, զավթելու Ալբանիան, հողերը Փոքր Ասիայում, Էգեյան ծովի կղզիները, գերիշխելու Միջերկրական ծովում։ Մեծ Բրիտանիայի նպատակն էր պահպանել իր գաղութային կայսրության ամբողջականությունը և ջախջախելու իր գլխավոր մրցակից Գերմանիային։ Բացի այդ, մտադիր էր մասնատել Օսմանյան կայսրությունը, տիրել Միջագետքին, Պաղեստինին, Արաբիային և ամրապնդվել Եգիպտոսում։ Ֆրանսիան ծրագրել էր ոչ միայն վերադարձնել 1871թ. Գերմանիային զիջած Էլզասը և Լոթարինգիան, այլև զավթել հանքերով հարուստ Հռենոսի ձախ ափը։ Ֆրանսիան խնդիր էր դրել նաև նվաճելու Սիրիան, արաբական այլ հողեր, Կիլիկիան և գերմանական գաղութներ։ Ռուսաստանը ձգտում էր ջախջախել Գերմանիան և Ավստրո-Հունգարիան, իր գերիշխանությունը տարածելու Բալկանյան երկրներում, մասնատելու Օսմանյան տերությունը, զավթելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, Արևմտյան Հայաստանը հասնելու Միջերկրական ծով։ Ռուսաստանի ծրագրերի մեջ էր մտնում նաև Ավստրո-Հունգարիայի կազմում գտնվող Գալիցիայի նվաճումը։ Օսմանյան տերությունը խնդիր էր դրել մասնատելու Ռուսաստանը, նրանից զավթելու Արևելյան Հայաստանը, Վրաստանը, ամբողջ Կովկասը, Ղրիմը, Միջին Ասիան, իսկ Իրանից ՝ Իրանական Ատրպատականը։ Իշխանության գլուխ գտնվող երիտթուրքերը դրանով իսկ մտադիր էին իրագործելու իրենց երազած պանթյուրքական ծրագիրը։ Այդ ծրագրի մաս էր կազմում հայաթափումը և հայերի զանգվածային ոչնչացումը։ Ճապոնիան մտադիր էր ոչ միայն Խաղաղ օվկիանոսում խլելու գերմանական գաղութները, այլև տիրելու Չինաստանին։ ԱՄՆ-ն պատերազմի մեջ մտավ ավելի ուշ, ձգտում էր ստանալու տնտեսական օգուտներ, ամրապնդելու իր դիրքերն Լատինական Ամերիկայում և ամբողջ աշխարհում։ Առաջին աշխարհամարտի մեջ ներքաշվել էին նաև երկրներ, որոնք հետապնդում էին ազատագրական նպատակներ։ Այդպիսին էին Հայաստանը, Սերբիան, Չեռնոգորիան և այլ երկրներ։ 

Առաջին համաշխարհային պատերազմը տեղի է ունեցել 1914թ. օգոստոսի 1-ին: 1914 թ հունիսի 28-ին Ավստրո-Հունգարիայի էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը առիթ հանդիսացավ Համաշխարհային առաջին պատերազմը սանձազերծելուն: Ֆրանց Ֆերդինատդին սպանել է 19 ամյա Գավրիլ Պրինցիպը: Ավստրո-Հունգարիան իր դաշնակից Գերմանիայի հետ խորհրդակցելու հետո պատերազմ հայտարարեց Ռուսաստանի դաշնակից Սերբիային։ Ի պատասխան ՝ Գերմանիան օգոստոսի 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստոսի 3-ին ՝ Ֆրանսիային։ Գերմաիան, խախտելով Բելգիայի չեզոքությունը, նրա տարածքով հարձակվեց Ֆրանսիայի վրա։ Դա առիթ դարձավ, որ օգոստոսի 4-ին Անգլիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Նույն ամսին Գերմանիային նաև պատերազմ հայտարարեց Ճապոնիան։ Երեք ամիս անց Անտանտի դեմ պատերազմի մեջ մտավ Օսմանյան տերությունը։ Պատերազմում հայտնվեցին նոր երկրներ ու դարձավ համաշխարհային։ Անտանտի դաշինքի պետությունների թիվը կազմեց 34, գերմանական խմբավորմանը ՝ 4, ընդամենը ՝ 38: Ռազմական գործողություններն ընթանում էին Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, ինչպես նաև օվկիանոսներում և ծովերում։ Պատերազմի գլխավոր ճակատները երկուսն էին։ Առաջինը արևմտաեվրոպական ռազմական թատերաբեմն էր, որը ֆրանս-գերմանական սահմանով և Բելգիայով ձգվում էր մոտ 700 կմ։ Երկրորդը Արևելաեվրոպական (ռուսական) ճակատն էր, որը անցնում էր ռուս-գերմանական և ռուս-ավստրիական սահմանների երկայնքով։ Կարևոր էր նաև Կովկասյան ճակատը։ Օսմանյան կայսրությունը այս ճակատում պատերազմում էր Ռուսաստանի դեմ։ Ռազմական գործողությունները հիմնականում ընթանում էին Հայաստանի տարածքում։ Պատերազմը ընթանում էր նաև արաբական երկրներում, Դարդանելում, Բալկաններում և այլուր։ Կովկասյան ճակատում 1914թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915թ. հունվարի 18-ը Սարիղամիշի մոտ ռուսական բանակը ծանր պարտություն մատնեց օսմանյան զորքին։ Դրանից հետո ռուսները թուրքական զորքին դուրս հանեցին Իրանի Ատրպատական նահանգից։ 1915թ. Իտալիան անցավ Անտանի կողմը, իսկ Բուլղարիան միացավ գերմանական խմբավորմանը, որը կոչվեց Քառյակ դաշինք։ Ռուսական բանակը ծանր դրության մեջ դրեց Ավստրո-Հունգարիային։ Գերմանիան լայնածավալ հարձակում սկսեց Ռուսաստանի դեմ ՝ նպատակ ունենալով նրան լիովին ջախջախելու։ Ռուսաստանը կարողացավ դիմակայել գերմանական հարձակմանը։ Բալկանյան ճակատում Իտալիան հաջողությունների չհասավ։ Ավստրո-Հունգարիան նվաճեց Չեռնոգորիան և Ալբանիան։ Բուլղարական զորքերը պարտության մատնեցին սերբերին։ Սերբիան նվաճվեց և ավերվեց։ Կովկասյան ճակատում ռուսական բանակը հայ կամավորների մասնակցությամբ գրավեց Վանը և Արևմտյան Հայաստանի մի շարք շրջաններ։ Երիտթուրքերի կառավարությունը, որը դեռ պատեֆազմից 3-4 տարի առաջ ծրագրել էր հայերի ցեղասպանությունը, ձեռնամուխ եղավ դրա իրագործմանը։ 1914-1916թթ. տեղահանվեց և ոչնչացվեց Փոքր Ասիայի ու Արևմտյան Հայաստանի հայությունը։ Հայոց Մեծ եղեռնի ժամանակ 1,5 մլն հայ սպանվեց, ևս մեկ միլիոնը ունեզրկվեց և հայրենազրկվեց։ 1916թ. Արևելյան ճակատում ռուսական բանակը ջախջախեզ Ավստրո-Հունգարիային։ Դա փրկեց Իտալիային վերջնական պարտությունից։ Իսկ Արևմտյան ճակատում Վերդենի արյունալի ճակատամարտը կողմերին հաջողություն չբերեց։ Դրանից հետո անգլո-ֆրանսիական զորքերը Սոմ գետի մոտ փորձեցին անցնել հակահարձակման։ Ճակատամարտը ձգձգվեց մինչև տարեվերջ, որը աննշան հաջողություն բերեց Անտանտին։ 1914-1916թթ. ռազմական գործողությունների արդյունքում Քառյակ դաշինքը թուլացավ։ Սակայն Անտանտը չկարողացավ հասնել վճռական հաղթանակի։ 1917թ. հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով ՝ նոյեմբերի 7-ին) Պետրոգրադում բոլշևիկները կատարեցին զինված հեղաշրջում։ Իշխանության զավթումը կատարվեց ապստամբության միջոցով, գործնականում տեղի ունեցավ անարյուն։ Խորհուրդների համառուսաստանյան 2-րդ համագումարը 1917թ. հոկտեմբերի 26-ին օրենք ընդունեց հաշտության մասին։ Համագումարը դիմեց բոլոր երկրներին ու ժողովուրդներին ՝ առաջարկելով դադարեցնել պատերազմը։ Հաշտության կնքումը և խաղաղությունը նաև անհրաժեշտ էր բոշևիկներին խորհրդային կարգերի ամրապնդման և երկրում սկսված ներքաղաքական պայքարում հաղթելու համար։ 1917թ. վերջճն բանակցություններ սկսեցին Գերմանիայի և նրա դաշնակիցների հետ։ Հաշտության պայմանագիրը կնքվեց Բրեստ-Լիտովսկում 1918թ. մարտի 3-ին ՝ Գերմանիայի առաջադրած պայմաններով։ Խորհրդային իշխանությունը հրաժարվում էր Լեհաստանից, Ֆինլանդիայից, Բելառուսիայի մի մասից, Ուկրաինայից և մերձբալթյան երկրներից։ Ռոֆսաստանը պարտավորվեց նաև վճարել 6 մլն ոսկե մարկ ռազմատուգանք։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիէը աղետալի հետևանքներ ունեցավ Հայաստանի համար։ Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական բանակի կազմում տարբեր ճակատներում կռվել էր 200 հազար հայ զինվոր։ Բացի այդ, հայերը տվել էին նրան 10000 կամավոր։ Համաձայն Բրեստ-Լիտովսկու պայմանագրի, Օսմանյան Թուրքիային էին տրվում Արևմտյան Հայաստանը, Կարսը և Արդահանը։ Ռուսական ճակատի վերացումը Գերմանիային հնարավորություն տվեց պատերազմը շարունակելու միայն Արևմտյան ճակատում։ Գերմանիայում այս հանգամանքը մեծացրեց հաղթանակի հույսը։ Բրեստ-Լիտովսկի հաշտությունից հետո Գերմանիան անցավ լայնածավալ հարձակման։ Գերմանացիներին հաջողվում է ճեղքել կաշնակիցների պաշտպանությունը և հասնել Մառն գետի շրջանը։ Գերմանական հրետանին 70 կմ հեռավորությունից սկսում է ռմբակոծել Փարիզը։ Դա գերմանացիների վերջին հաջողությունն էր։ Բալկանյան ճակատում Բուլղարիան պարտվում է և սեպտեմբերի վերջում զինադադար է կնքվում։ Անգլո-ֆրանս-ամերիկյան զորքերը Արևմտյան ճակատում հակահարձակման են անցնում և ջախջախում գերմանացիներին։ Գերմանացիներն էլ զինադադար են խնդրում։ Սեպտեմբերին օսմանյան բանակը ևս պարտություն է կրում Պաղեստինում և Մակեդոնիայում։ Երիտթուրքական կառավարությունը հրաժարական է տալիս։ Նոյեմբերի 3-ի զինադադարով իրեն պարտված է համարում նաև Ավստրո-Հունգարիան։ Նույն պահին հեղափոխություն է սկսվում Գերմանիայում։ Վիլհելմ 2-րդ կայսրընհրաժարական է տալիս և հեռանում երկրից։ Գերմանիայի անձնատվությամբ ավարտվում է Առաջին համաշխարհային պատերազմը։ Առաջին համաշխարհային պատերազմը ՝ որպես արդյունաբերական քաղաքակրթության մեծ ճգնաժամ, ունեցավ ծանր հետևանքներ։ Տեղի ունեցան մարդկային և նյութական կորուստներ։ Մարդկային կորուստների ճիշտ չափը որոշելը դժվար խնդիր է։ Ըստ պատմաբանների հետազոտությունների, պատերազմի ողջ ընթացքում սպանվել է 10 միլիոնից ավելի զինվոր։ Ռազմական գործողությունների և ահաբեկչությունների հետևանքով զոհվել է մոտ 13 մլն քաղաքացիական բնակչություն։ Վիրավորվել և խեղանդամ է դարձել 20 մլն մարդ, 9 մլն երեխա որբացել է ծնողների զոհվելու հետևանքով։ Գերիների թիվը հասել է 3 մլն-ի, գաղթականների թիվը ՝ 10 մլն-ի։ Առաջին համաշխարհային պատերազմի նյութական կորուստները հասնում են մեծ չափերի։ Զինատեսակների և ռազմամթերքների արտադրության համար ծախսվել է 240 մլրդ դոլար, իսկ դրանց պատճառած նյութական վնասը կազմում է 350 մլրդ դոլար։ Առաջին համաշխարհային պատերազմը առանձնացավ նաև քաղաքական առումով։ Պարտությունների և հեղափոխությունների հետևանքով փլուզվեցին չորս կայսրություններ ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Օսմանյան կայսրությունը և Ավստրո-Հունգարիան, առաջացան նոր պետություններ ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Լեհաստան, Լատվիա, Լիտվա, Էստոնիա, Հարավսլավիա, Ավստրիա, Հունգարիա։ Պատերազմի հետևանքով Գերմանիան թուլացավ, իսկ Անգլիան, Ֆրանսիան, Ճապոնիան և հատկապես ԱՄՆ-ն հզորացան։ Մյուս կողմից ՝ գաղութներում սկսեց վերելք ապրել ազատագրական պայքարը։

Հայոց պատմ․

Քաղաքական մտքի զարգացումները․ Պահպանողականներ, ազատականներ

19-րդ դարի կեսերին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունները, Արևմտյան Եվրոպայում ծավալված հեղափոխությունները, ռուսական քաղաքական մտքի վերելքը լուրջ տեղաշարժեր առաջացրեց հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Հայ իրականության մեջ սկսեցին լայնորեն քննարկվըլ Հայաստանի ապագայի մասին։ Քննարկումների արդյունքում հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական տարբեր հոսանքներ։ 19-րդ դարի 50-70-ական թթ. գոյություն ունեցող ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանցվեցին պահպանողական և ազատական հոսքերը։

Հայկական կոնսերվատիզմը

Ըստ կոնսերվատիստների, հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Նրանք առաջնահերթ խնդըր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և Հայոց լեզվի պահպանումը։ Պահպանողականները հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին գյուղական ազգաբնակչության և քաղաքի արհեստավորության ու առևտրականների շահերը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստելու։ Այս հոսանքի ճանաչված դեմքերից Գաբրիել վարդապետ Այվազովսկին հրատակում էր «Մասյաց աղավնի», Մարկոս Աղաբեկյանը ՝ «Կռունկ հայոց աշխարհին», Հովհաննես Չամուոճյան-Տերոյենցը ՝ «Երևակ» պարբերականները։ Արմատական պահպանողական գործիչները գտնում էին, որ Ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի, 1836թ. եկեղեցական կանոնադրությամբ սահմանափակվել են Հայ եկեղեցու և դպրոցի իրավունքները, վտանգվել է հայի ազգային ինքնությունը։ Արևմտահայ գործիչները իրենց քննադատության սլաքը ուղղում էին թուրքական կառավարության դեմ։ Հակառակ աշխարհաբարի, որը ուներ երկու ճյուղ ՝ արևմտահայերեն և արևելահայերեն, պահպանողականները գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական միասնության պահպանումը։

Հայկական լիբերալիզմը

Ազատական հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակույթային կյանքը եվրոպակացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով։ Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը հայ իրականության նահապետական բարքերի ու բարոյականության կրող հաստատությունն էր ՝ եկեղեցին։ Երբեմն այս քննադատությունը հասնում էր ծայրահեղության։ Ազատամիտները պահպանողականներին հակադրվեցին նաև լեզվի հարցում ՝ պնդելով, որ պետք է հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։ Ազատականների գաղափարախոսության մեջ առանձնահատուկ տեղ ուներ ազգի ինքնորոշման, այսինքն ՝ իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը։ Հայ ազատականության նշանավոր դեմքերից ՝ Ստեփանոս Նազարյանցը գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ։ Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակույթային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։ Համարձակ մտքեր էին արտահայտու. արևմտահայ ազատականները ՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիգոր Օտյանը, Նահապետ Ռուսինյանը և ուրիշներ։ Պոլսահայ ազատականների շարքում առանձնանում էին երկիծական ժանրի երկու խոշոր դեմքեր ՝ «Մեղու» հանդեսի խմբագիր Հարություն Սվաճյանը և գրող Հակոբ Պարոնյանը։ Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։ Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ» թերթը դարձավ ոչ միայն հայկական լիբերալիզմի, այլև առհասարակ հայ ազգային-հասարակական մտքի յուրահատուկ դարբնոցը։

Ազգային սահմանադրություն

1857թ. Կ.Պոլսի ուսումնական խորհրդի անդամներ ՝ Ն.Ռուսինյանը, Գ.Օտյանը, Սերովբե Վիչենյանը, Նիկողայոս Պալյանը մշակում են արևմտահայ համայնքի ներքին կյանքին վերաբերող մի կանոնադրություն։ 1859թ. դեկտեմբերին հանձնաժողովը ներկայացնում է բարեփոխած կանոնադրությունը։ 1860թ. մայիսի 24-ին Կ.Պոլսի Ազգային ժողովը հաստատում է կանոնադրությունը և Ն.Ռուսինյանի առաջարկությամբ այն կոչում են «Ազգային սահմանադրություն»։ Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի ու ամբողջ կայսրության հայ բնակչության կրթամշակույթային կյանքը կարգավորող իրավական կարևոր փաստաթուղթ էր։ Այն սուլթանի կողմից հաստատման կարիք ուներ։ 1863թ. մարտի 17-ին սուլթանը հաստատում է կանոնադրությունը։ Ըստ ազգային սահմանադրության ՝ ստեղծվում էին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն, ազգային կյանքի տարբեր բնագավառներ սպասարկող խորհուրդներ։ Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին, ընտրվում էր ամբողջ ազգի կողմից։ Ազգային սահմանադրությունը դրական դեր խաղաց հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Խրիմյան հայրիկի շնորհիվ, ով 1869թ. դարձել էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, սահմանադրությունը գործադրվեց Արևմտյան Հայաստանի բազմաթիվ գավառներում։

Հայոց պատմ․

Հայկական հարց

  • Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը

Պատերազմի ավարտին հաշտության պայմանների շուրջ նորից սրվեց միջազգային իրադրությունը։ Ռուսաստանն առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը եվրոպական տարածաշրջանում։ Ռուս դիվանագետները Արևմտյան Հայաստանը համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։ Գեներալ Մ․ Լոռիս-Մելիքովը, երբ ծանոթանում է զինադադարի ռուսական նախագծին, համաձայնության չի գալիս։ Նա ընդգծում էր Հայաստանի գրաված տարածքի ռազմավարական կարևորությունը Ռուսաստանի համար։ 1878 թվականի փետրվարի 19-ին կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը՝ Կ․ Պոլսի մոտակայքում գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադրանի ամառանոցում։ Ըստ պայմանագրի՝ ռուսական կողմ էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի ու Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։ Իսկ Օսմանյան կայսրությանն են վերադարձվում Էրզրումն ու Բասենը։ Սան Ստեֆանոյի պայմանագրում քննարկվեց Հայկական հարցը։ Լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։

Այնտեղ տեղ գտան Հայաստանին ու հայերին վերաբերող առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին։ Օրինակ՝ 16-րդ հոդվածում Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել ու ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից Արևմտյան Հայաստանի այն տարածքներում, որոնք գրավել էին ռուսները և ունեին պարտավորվածություն այն կրկին վերադարձնելու Թուրքիային։ Իսկ 25-րդ հոդվածը ռուսներին իրավունք էր տալիս 6 ամսով մնալ Հայաստանում։ 27-րդ հոդվածում կար պարտավորվածություն, որ այն քրիստոնյաներին, ովքեր օգնել ու աջակցել են ռուսներին պատերազմում, թուրքերը չեն կարող հալածել։ Պայմանագրի այս հոդվածներն ունեին իրենց դրական կողմերը՝ Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը։ Երկրորդ դրական կողմն այն էր, որ հայկական մի շարք տարածքներ անցնում էին ռուսական կազմ։