Հայ ազատագրական ուժերը Սյունիքում համախմբված չէին, իսկ շրջակա պարսկամետ իշխանները զգալի ուժ էին ներկայացնում։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում և իրենց շուրջը համախմբեցին տեղի հայկական զինված ուժերը։ Դավիթ Բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ։ Նրա աչքի ընկած զորականներից Մխիթարին նշանակեց զորքի սպարապետ, իսկ առանձին զորաջոկատների հրամանատերեր դարձան տեր Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր էր իսլամ(մահմեդականություն) ընդունած և թշնամու հետ համագործակցող մելիք Բաղրին պատկանող Տաթև գյուղի մերձակա ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Սյունիքի ազատագրական շարժման դեմ հանդես եկան ու Կապանի ապստամբների վրա հարձակվեցին նաև մահմեդականները։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1723թ. Չավնդուրի մոտ, որտեղ հայկական կողմին հաջողվեց լիակատար հաղթանակ տանել։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Դավիթ Բեկը որոշում է դուրս գալ շրջափակված ամրոցից և հակահարձակման միջոցով անակնկալի բերել թուրքերին։ Հակահարձակումը գլխավորող Մխիթարը և տեր Ավետիսը դիմում են հայ զինվորներին. «Արիացե՛ք, մի երկնչե՛ք, հետևեցե՛ք մեզ։ Եթե հասել է մեր վախճանը, քաջաբար մեռնենք, որովհետև մեզ համար ավելի լավ է արիությամբ պարիսպներից դուրս մեռնել, քան այստեղ ՝ մեր աչքերի առաջ, տեսնել մեր ընտանիքների ու բարեկամների մահը»։ Թուրքական բանակից զոհվեց 13000 զինվոր, թշնամուց խլվեց 148 մարտական դրոշ: 1728թվականին մահացավ Դավիթ Բեկը։ Կապանի զինվորական հրամանատարությունն անցավ Մխիթար սպարապետիպ, ով շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ։ 1630թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին Մխիթար սպարապետը դավադրաբար սպանվեց։ Սյունիքի հայկական զորքերը, միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել։ Սյունիքում որոշակի ժամանակով վերականգնվեց հայկական ինքնիշխանությունը։
День: 26 сентября 2022
Ազատագրական պայքարը Արցախում
Ազատագրական շարժումը Արցախում մտավ զինված պայքարի փուլ։ Պայքարի ոգեշնչողն ու ղեկավարը Գանձասարի հայոց կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանն էր։ Տարածաշրջանում տիրող քաղաքական խառնաշփոթից օգտվելով ՝ լեզգիներն ասպատակում էին Շիրվանի և Արցախի բնակավայրերը։ Հարձակումներին դիմագրավելու համար Արցախի մելիքների զինված ջոկատները հաճախ միավորվում էին և դիմադրում թշնամուն։ Ազատագրական պայքարին օժանդակելու համար Շիրվանի հայկական բնակավայրերից Արցախ ժամանեցին ռազմական գործի հմուտ կազմակերպիչներ Ավան և Թարխան հարյուրապետն իրենց համախոհներով։ Արցախում կազմակերպվեցին պաշտպանական հենակետային ամրոցներ ՝ սղնախներ։ Դրանցից առավել հայտնի էին Գյուլիստանի, Շուշիի, Ավետարանոցի, Ջրաբերդի և Քարագլխի սղնախները։ Հայկական զինուժի շնորհիվ 1722թ. ամբողջ Արցախը ազատագրվել էր պարսկական տիրապետությունից և Արցախում հաստատվեց հայկական իշխանություն։ Պարսկաստանը հայտնվել էր բավականին ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը զավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Ռուս-թուրքական մրցակցությունը այդ ժամանակ հանգուցալուծվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանության համար ոտքի կանգնեց նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։ Հակառակորդի գրոհները մատնվում էին անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով 1724թ. սեպտեմբերի 26-ին Երևանը անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր հայազգի գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից ՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ ՝ մտնելով նորաստեղծ «Հայկական էսկադրոնի» կազմը։ Սակայն 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ շարունակում էր պայքարել Գյուլիստանի սղնախը ՝ Աբրահամ սպարապետի գլխավորությամբ։ Արցախի ազատագրման շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ։ Այն ոգեշնչում էր հայ ժողովրդի գալիք սերունդներին և հավատ ներշնչում հաղթանակի համար։