Հայոց պատմ․

Հայ կամավորական շարժում

Կովկասի ռուսական իշխանությունը 1914թ. աշնան սկզբներին դիմեց որոշակի քայլերի ՝ հայերի վերաբերմունքը Թուրքիայի դեմ պատերազմի դեպքում պարզելու համար։ Հայերը կամավորական խմբերով պետք է աջակցեին ռուսական զորամասերին։ Հայ ղեկավար ուժերը հույս ունեին ռուսական զորքի օգնությամբ իրականացնել հայկական նահանգների ու Կիլիկիայի ինքնավարության հաստատումը Ռուսաստանի հովանու ներքո։ 1914-ի սեպտեմբերին թույլատրեց կազմակերպել հայկական կամավորական ջոկատներ։ Հայկական ազգային կուսակցությունները, հավատալով ցարական կառավարության հավաստիացումներին և ելնելով հայ ժողովրդի շահերից, եռանդուն գործունեություն ծավալեցին այդ ուղղությամբ։ Ռուսական կայսրության մեջ բնակվող մոտ 2 մլն հազար հայերից ցարական բանակ էր զորակոչվել 250 զինվոր։ Հայ աշխարհիկ և հոգևոր շրջանների ներկայացուցիչները փոխարքայի խորհրդով Անդրկովկասում և հայկական գաղթավայրերում իրենց հայրենակիցներին կոչ էին անում Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու նպատակով կամավորներով համալրել նաև Անտանտի երկրների բանակները։ Կամավոր, ջոկատները կազմակերպելու, նրանց զենքով և զինամթերքով ապահովելու համար ստեղծվել էր ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներն ուներ Ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում, իսկ Հայոց ազգային բյուրոն իր ենթաբաժիններն ուներ Մոսկվայում, Պետերբուրգում, Նոր Նախիջևանում, Մարիուպոլում, Բաքվում և այլուր։ Հայկական կամավորական շարժմանը նյութական զգալի օգնություն ցույց տվեցին հատկապես Մոսկվայի, Պետերբուրգի, Բաքվի, Թիֆլիսի, նաև Նյու Յորքի, Փարիզի, Լոնդոնի հայկական կոմիտեները, իսկ զենքով, ռազմահանդերձանքով։ Սկզբնական շրջանում կազմակերպվեց կամավորական չորս ջոկատ։ Հրամանատարներ նշանակվեցին Անդրանիկը (1-ին ջոկատ) Սալմաստում, Դրաստամատ Կանայանը (Դրո. 2-րդ ջոկատ) Իգդիրում, Համազասպ Սրվանձտյանը (3-րդ ջոկատ) Կաղզվանում, Քեռին (Արշակ Գաֆավյան, 4-րդ ջոկատ) Սարիղամիշում։ Ավելի ուշ ստեղծվեցին 5-րդ ջոկատը հրամանատար՝ Ա. Ջանփոլադյանի կողմից, 6-րդ ջոկատի հրամանատարն էր Գրիգոր Ավշարյանը, որի զոհվելուց (1915-ի հունվարին) հետո նրան փոխարինեց Հայկ Բժշկյանը (Գայ), 7-րդ ջոկատը կազմակերպվեց 1915-ի աշնանը՝ Հովսեփ Արղությանի հրամանատարությամբ և 8-րդ ջոկատը Նիկոլ Աղբալյանի գլխավորությամբ։ Հայ կամավորներին հոգեպես միաբանելու համար ռազմաճակատ մեկնեցին Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Երևանի քաղաքագլուխ Սմբատ Խաչատրյանը և այլք: Կամավորների ընդհանուր թիվը հասնում էր 6.000-ի, որի մեջ կային նաև կանայք: Հայ կամավորական ջոկատները գործում էին ռուսական զինվորական հրամանատարության ներքո: Կամավորական Առաջին ջոկատը, որն ամենախոշորն էր՝ բաղկացած 1200 հոգուց, Անդրանիկի գլխավորությամբ 1915 թ. ապրիլի 2-ին Սալմաստ գավառի կենտրոն Դիլման քաղաքի մատույցներում ջախջախիչ պարտության մատնեց Խալիլ բեյի (վերջինս Էնվերի հորեղբայրն էր, 1918 թ. Բաքվի հայության կոտորածի կազմակերպիչներից) հրամանատարությամբ՝ թվական մի քանի անգամ գերակշռություն ունեցող թուրքական 3-րդ դիվիզիային: Այս ճակատամարտը բեկում մտցրեց թուրքական զորքերի առաջխաղացման մեջ, քանի որ Դիլմանի ճակատամարտում թուրքերի կրած պարտությամբ ձախողվեցին Անդրկովկաս ներխուժելու և Իրանն ու Աֆղանստանը Անտանտի դեմ հանելու գերմանաթուրքական ռազմաքաղաքական պլանները։ Բացի այդ, կասեցվեց Վանի վրա գրոհող Ջևդեթ-բեյի զորամասին օգնություն հասցնելը: 1915 թ. մայիսի 17-ին Վարդանի Արարատյան գունդը՝ կազմված 2-րդ, 3-րդ և 4-րդ կամավորական ջոկատներից, մտավ Վան: Հայ կամավորականները համառ մարտեր մղելով առաջացան դեպի Մուշ և Բիթլիս: Մարտերի թեժ պահին՝ 1915 թ. հուլիսին, Կովկասյան բանակի շտաբից նահանջի հրաման ստացվեց: Հայ կամավորականները կազմակերպեցին այդ տարածքների մազապուրծ 200.000 հայերի էվակուացիան՝ նրանց ուղեկցելով մինչև ռուս-թուրքական սահմանը: Սակայն շուտով ռուսական Կովկասյան բանակը նորից անցավ հարձակման, որին մասնակցեցին հայ կամավորական ջոկատները: Անդրանիկի ջոկատը ռուսական 4-րդ կորպուսի կազմում 1916 թ. հունվարի սկզբներին Վանից շարժվելով Մուշի, Բիթլիսի ուղղությամբ, համառ, արյունահեղ մարտեր մղեց թշնամու գերազանցող ուժերի դեմ և մասնակցեց բազմաթիվ հայկական գյուղերի, քաղաքների ազատագրմանը: Անգամ սաստիկ սառնամանիքը չխանգարեց ազատագրել Բիթլիսը, ինչը ռուսական հրամկազմը անհնարին էր համարում: 1915-1916 թթ. հայ կամավորականների անմիջական մասնակցությամբ ռուսական Կովկասյան բանակն ազատագրեց հայաթափված Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Վան, Բիթլիս, Բաբերդ, Երզնկա, Էրզրում: Սակայն, Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկյան Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից և իր զորքերը դուրս բերեց Կովկասյան ռազմաճակատից, իսկ թուրք զորքերը, անցնելով հարձակման, վերագրավեցին Արևմտյան Հայաստանը։ Հայ կամավորական խմբերը բացառիկ խիզախություն և ռազմական հմտություն դրսևորեցին պատերազմի առաջին շրջանում: Կատարելով առաջապահ, հետախուզական և պահակազորային ծառայություններ՝ հայ կամավորականներն ակտիվ մասնակցություն ունեցան Սարիղամիշի, Էրզրումի, Դիլմանի, Ռևանդուզի և այլ ճակատամարտերին, Բերկրի-Կալայի, Վանի, Խնուսի, Բիթլիս և Էրզրումի ազատագրմանը: Նրանք մեծ դեր կատարեցին նաև արևմտահայ գաղթականության կյանքը փրկելու և ազատագրված տարածքներում վերաշինության գործում: Հայ կամավորներից շատերը մարտի դաշտում ցուցաբերած արիության համար պարգևատրվեցին մարտական շքանշաններով և մեդալներով: Օրինակ միայն 2-րդ կամավորական խմբի անձնակազմից (հրամանատար Դրո) 1914-1916 թթ. Գեորգիյան խաչով պարգևատրվել են 76 կամավորական, որից երկուսն առաջին աստիճանի: Ռազմի դաշտում զոհվեց ավելի քան 700 կամավորական: