Մաշկը կազմում է մարմնի ընդհանուր ծածկույթը, որի մակերեսը 1,5-2 քառակուսի մետր է, հաստություն՝ 0,5-4 մմ, քաշը՝ մարմնի քաշի 16 տոկոսը: Նրա մեջ են գտնվում զգացող նյարդային վերջույթների ընկալիչները և մաշկի բաղադրիչները՝ ճարպագեղձերը, քրտնագեղձերը, կաթնագեղձերը, մազերը, եղունգները: Բնական բացվածքների, անցքերի շրջանում մաշկը վերածվում է լորձաթաղանթի:
Մաշկի ռեցեպտորներն ընկալում են ջերմությունը, շփումն ու հպումը, հարվածը և տարբեր ազդակներից առաջացած գրգիռները՝ դրանք հաղորդելով կենտրոնական նյարդային համակարգ:
Բացի գրգիռներն ընկալող և հաղորդող հատկությունից, մաշկն ունի նաև մի շարք կարևոր ֆունկցիաներ՝ պաշտպանական, արտազատական, շնչառական, ջրաաղային փոխանակության և ջերմականոնավորման: Միևնույն ժամանակ այն արյան պահեստ է:
Վերնամաշկը կազմված է բազմաշերտ, տափակ, եղջերացող էպիթելային հյուսվածքից, որի մակերեսային շերտը եղջերանում և աստիճանաբար թափվում է: Վերնամաշկի հիմնային շերտի բջիջներն աստիճանաբար լրացնում են այդ կորուստը՝ տակից թարմ շերտ գոյացնելով:
Բուն մաշկը պարունակում է նյարդային կազմության շարակցական հյուսվածք, առաձիգ և հարթ մկանաթելեր: Որոշ տեղերում մկանաթելերը հավաքվելով՝ կազմում են բարակ շերտ, օրինակ՝ կրծքագեղձի շուրջպտկային շրջանում, պտուկում, ամորձապարկում: Դեմքի մաշկը կապված է դիմախաղի մկանների հետ: Բուն մաշկն ունի վերին՝ ավելի խիտ, և ստորին՝ ավելի նոսր ցանցավոր շերտեր:
Մաշկի վերին շերտում կան կատարներ և ակոսներ, որոնք լավ նկատելի են ափի ու մատների մաշկի վրա և ունեն յուրաքանչյուր անհատին բնորոշ պատկեր: Մաշկի մնացած մակերեսին կան եռանկյունաձև կամ ռոմբաձև դաշտերով նուրբ պատկերներ: Այդ եռանկյունիների կամ ռոմբերի անկյունավոր բացվածքներից դուրս են գալիս մազերի ցողունները և բացվում ճարպագեղձերի ծորաններն ու քրտնագեղձերը:
Մաշկի ստորին՝ ցանցավոր շերտն աստիճանաբար վերաճում է ենթամաշկային շարակցական և ճարպային փխրուն հյուսվածքի:
Ճարպային շերտը պատում է ստորադիր օրգանները և ունի ջերմականոնավորող դեր: Այն սննդանյութերի պահեստարան է և ջերմության վատ հաղորդիչ:
Մաշկի գույնը պայմանավորված է մելանին գունակի առկայությամբ, որը հիմնականում կուտակվում է վերնամաշկում, իսկ գունավոր ցեղերի ներկայացուցիչների մաշկում այն կարող է կուտակվել նաև բուն մաշկի վերին շերտի բջիջներում:
Մաշկում կան 3 տեսակի գեղձեր՝ ճարպագեղձեր, քրտնագեղձեր և կաթնագեղձեր:
ճարպագեղձերը պարզ բշտիկային գեղձեր են, որոնց ծորանները բացվում են մազային պարկի մեջ: Արտադրված ճարպն օծում է մազերը և մաշկը՝ պահպանելով դրանք վնասվելուց: Ճարպագեղձեր կան նաև որոշ ոչ մազածածկ տեղերում: Ճարպագեղձեր չկան ափի և ներբանի վրա:
Քրտնագեղձերը պարզ խողովակակազմ գեղձեր են: Գտնվում են ավելի խորը՝ ցանցավոր շերտի և ենթամաշկի սահմանում: Դրանք շատ են հատկապես ափերի, ներբանի և թևատակի շրջանում: Քրտնագեղձերի ծորանները բացվում են մաշկի կատարիկների վրա: Օրվա ընթացքում արտադրվում է մոտավորապես 500 մլ քրտինք, որի միջոցով արտաթորվում են նյութափոխանակության ընթացքում առաջացած վնասակար նյութերը: Քրտինքի գոլորշիացման միջոցով կարգավորվում է մարմնի ջերմաստիճանը:
Մաշկը պահանջում է ամենօրյա խնամք, քանի որ նրա վրա ազդում են արտաքին և ներքին բազմաթիվ գործոններ, որոնք կարող են զանազան բնույթի հիվանդություններ առաջացնել: Բազմաթիվ ընդհանուր հիվանդությունների ժամանակ մաշկում տեղի են ունենում տարբեր ախտաբանական երևույթներ, որոնց միջոցով հնարավոր է դառնում հիվանդության ախտորոշումը: