Հայոց պատմ․

Արևելյան Հայաստանը 1917թ․ փետրվար-հոկտեմբեր ժամանակաշրջանում

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ՝ 1917թ. փետրվարի 27-ին, Ռուսաստանում տեղի ունեցավ հաղթական հեղափոխություն, որը վերջ դրեց միապետական կարգերին։ Երկրում առաջացավ քաղաքական երկիշխանություն։ Պետրոգրադի բանվորական ու զինվորական պատգամավորների միացյալ խորհուրդն իր ձեռքը վերցրեց երկրի իրական իշխանությունը։ Սակայն այդ խորհրդում մեծամասնություն կազմող էսէռներն ու սոցիալ-դեմոկրատ մենշևիկները պետական կառավարումը կամովին հանձնեցին առաջադեմ բուրժուազիային ՝ իրենց վերապահելով վերջինիս նկատմամբ վերահսկողության իրավունքը։ Մարտի 2-ին իշխան Գեորգի Լվովի գրությամբ ձևավորվեց Ռուսաստանի բարձրագույն գործադիր նոր իշխանություն ՝ ժամանակավոր կառավարությունը։ Հեղափոխական ալիքը մի փոքր ուշացումով հասավ Անդրկովկաս, տարածվեց նաև Հայաստանում։ Բոլորը ողջունում էին հեղափոխությունը, պահանջում հաստատել իրավական քաղաքացիական ազատություններ ու իրավունքներ։ 1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (ԱՀԿ) ՝ Պետական IV դումայի կովկասյան 5 պատգամավորներից։ Պատերազմական առումով 1917թ. ռուս-թուրքական ճակատում նշանակալի իրադարձություններ տեղի չունեցան։ Ռուսաստանի նոր կառավարությունը իր գոյության 8 ամսիների ընթացքում այդպես էլ չբացահայտեց իր ծրագիրը Հայաստանի ապագայի հարցում, այնուհանդերձ նրա որոշակի քայլերը լայնատեսորեն էին տրամադրել հայ քաղաքական շրջանակներին։ 1917թ. ապրիլի 26-ին հրապարակվեց ժամանակավոր կառավարության որոշումը Արևմտյան Հայաստանի գրավված տարածքում կառավարման նոր ձև մտցնելու մասին։ Առաջին անգամ պաշտոնապես ճանաչվեց և ձևակերպում ստացավ Օսմանյան կայսրությունից նվաճված տարածքի հայկական մասը ՝ որպես վարչական առանձին միավոր ՝ «Թուրքահայաստան» անունով։ Նոր իշխանությունն արմատապես փոխեց Ռուսաստանի վերաբերմունքն Արևմտյան Հայաստանի ու հայերի նկատմամբ և սկսեց հայանպաստ քաղաքականություն իրականացնել։ Դրա վկայությունն էր նաև Արևմտահայաստանի գեներալ-կոմիսարին 1917թ. մայիսի 15-ին տրված գաղտնի «Ղեկավար հրահանգները»։ Ժամանակավոր կառավարությունը երկրամասի իշխանություններին հրահանգում էր ՝ բոլոր հայերին, ովքեր «այս պատերազմի ժամանակ կամ էլ դրանից առաջ փախել են» այդ տարածքից, ինչպես նաև նախկին թուրքահպատակ հայերին, թույլատրել վերաբնակվելու հայկական երեք մարզերում։ Երևանում 1917թ. մայիսի 2-11-ը կայացավ արևմտահայերի առաջին համագումարը։ Ընտրվեց կենտրոնական ղեկավար մարմին ՝ 15 հոգուց կազմված Արևմտահայ ազգային խորհուրդ։ Խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Փափազյանը (Կոմս), իսկ պատվավոր նախագահ ՝ Անդրանիկը։ 1917թ. հայկական կազմակերպությունները մեծ գործ կատարեցին Հայրենիքի ավերված բնակավայրերը վերականգնելու և վերաբնակեցվելու ուղղությամբ։ Փետրվարյան հեղափոխության ընձեռած ժողովրդավարական ազատությունների մթնոլորտում բուռն վերելք ապրեց հայ հասարակական կյանքը։ Հայ ազգային կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատական ու ազատակամ ուղղությունների ներկայացուցիչները օրինական գործունեության հնարավորություն ստացան։ Հայ հեղափոխական դաշնակցությունը նոր իշխանություններից պահանջում էր գործնականում ապահովել ազգերի ինքնորոշման իրավունքը և իրավահավասարությունը, ստեղծել ազգային կրթական և մշակույթային կյանքի ազատ զարգացման պայմաններ։ ՀՅԴ առաջնահերթ խնդիրը Հայկական հարցի լուծումն էր։ Ըստ նախագծի ՝ Արևելյան Հայաստանը Վրաստանի և երկրամասի թաթարների հետ միասին կազմելու էր մեկ պետական-ինքնավար դաշնային միավոր ՝ հանրապետական դաշնային Ռուսաստանի կազմում։ Արևմտյան Հայաստանը լիովին ազատագրվելու էր թուրքական բռնակալությունից, իսկ ապագա անկախ Հայաստանի տարածքը կազմելու էին հայկական վեց նահանգները և Կիլիկիան։ Հնչակյան կուսակցությունը ՝ ողջունելով ռուսական հաղթական հեղափոխությունը, կոչ արեց աջակցելու Ժամանակավոր կառավարությանը։ 1917թ. մարտին ստեղծվեց Հայ ժողովրդական կուսակցությունը ՝ ՀԺԿ։ ՀԺԿ-ն համարում էր, որ Հայկական հարցը պետք է լուծում ստանա միչազգային վեհաժողովում ՝ համաձայն արևմտահայերի ձգտումների։ Հեղափոխությունից հետո երկրամասում քաղաքական լուրջ դեր ստանձնեց նաև Սոցիալիստ հեղափոխականների (էսէռների) կուսակցությունը։ Այն մեծ ազդեցություն ուներ կռվող բանակում և երկրամասի քաղաքներում տեղակայված զորամասերում։ Արևելահայերի ներկայացուցչական համաժողովը ՝ Հայոց ազգային համախորհրդակցությունը, տեղի ունեցավ Թիֆլիսում 1917թ. սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 13-ը։ Մասնակցում էին քաղաքական և հասարակական տարբեր կազմակերպությունների 228 պատգամավորներ, որոնց կեսից ավելին դաշնակցականներ էին։