Հայոց պատմ․

«Նեմեսիս» գործողությունը

«Նեմեսիսը» ՀՅԴ կուսակցության կազմակերպած հատուկ գործողություն էր ՝ ահաբեկման միջոցով հայոց Մեծ եղեռնը կազմակերպող և իրականացնող երիտթուրքակամ կառավարության պարագլուխներին պատժելու նպատակով։ Գործողությունը «Նեմեսիս» է անվանվել հատուցման ու վրեժխնդրության հին հունական աստվածուհի Նեմեսիսի անունով: Հետագայում կոչվել է Հայկական Նեմեսիս (1921–22 թթ.): 
Առաջին աշխարհամարտում (1914– 1918 թթ.) Օսմանյան կայսրության պարտությունից (1918 թ-ի հոկտեմբերի 30) հետո երիտթուրքական կառավարության ու կուսակցության պարագլուխները գերմանական սուզանավով Կոստանդնուպոլսից տեղափոխվել են Գերմանիա: Թուրքիայի 1918 թ-ի դեկտեմբերի 16-ի դեկրետով «Միություն և առաջադիմություն» կառավարող կուսակցության և երկրի կառավարության պարագլուխներ Թալեաթը, Էնվերը, Ջեմալը, Բեհաէդդին Շաքիրը և ուրիշներ մեղադրվել են Թուրքիան պատերազմի մեջ ներքաշելու, հայերի տեղահանությունն ու ցեղասպանությունը կազմակերպելու համար և հեռակա կարգով դատապարտվել մահվան: Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք(Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը։ 

Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրյան) 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում իրագործել է Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Թալեաթի մահավճիռը: Արշավիր Շիրակյանը 1921 թ-ի դեկտեմբերի 5-ին Հռոմում սպանել է երիտթուրքական կառավարության առաջին վարչապետ Սայիդ Հալիմին: Արամ Երկանյանն ու Արշավիր Շիրակյանը 1922 թ-ի ապրիլի 17-ին Բեռլինում վերացրել են Տրապիզոնի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին և հակահայկական «Հատուկ կազմակերպության» հիմնադիր Բեհաէդդին Շաքիրին: Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը 1922 թ-ի հուլիսի 25-ին Թիֆլիսում սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին. այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը: Հայ վրիժառուները հետապնդել են նաև Թուրքիայի նախկին ռազմական նախարար Էնվերին, որը Գերմանիայից Բաքվով անցել էր Միջին Ասիա և դարձել հակախորհրդային բասմաչական շարժման ղեկավարներից: Այստեղ նրա սպանությունը կազմակերպել է Կարմիր բանակի զորահրամանատար Հակոբ Մելքումովը (Մելքումյան): Չի հաջողվել գտնել երիտթուրքական կուսակցության նախկին գլխավոր քարտուղար Նազիմին: Սակայն տարիներ անց նա Գերմանիայից վերադարձել է Թուրքիա, անհաջող մահափորձ արել Մուստաֆա Քեմալի դեմ, որի համար և մահապատժի է ենթարկվել:

Բացի երիտթուրքական պարագլուխներից՝ հայ վրիժառուները ոչնչացրել են Ադրբեջանի մուսավաթական կառավարության գործիչների, որոնք մեղադրվում էին 1918 թ-ի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային կոտորած կազմակերպելու համար: 

Արամ Երկանյանը 1920 թ-ի հունիսի 19-ին Թիֆլիսում սպանել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի խան Խոյսկուն, իսկ Միսաք Թորլաքյանը 1921 թ-ի հուլիսի 19-ին Կոստանդնուպոլսում գնդակահարել է Բաքվի և Շուշիի հայերի ջարդերի կազմակերպիչ, Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեյբութ խան Ջևանշիրին: