Հայոց պատմ․

1-ին համաշխարհային պատերազմի կովկասյան ռազմաճակատը

Օսմանյան բանակի հրամանատարությունը Անդրկովկասի և Իրանի ուղղությամբ կենտրոնացել էր թուրքական 3-րդ բանակը, որն ուներ 300000 զինվոր։ Գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերը թքւրքական ռազմանավերի հետ միասին 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելիորեն հարձակումներ գործեցին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստների վրա։ 1914թ. հոկտեմբերի 21-ին Նիկոլայ 2-ը պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը։ Կովկասի փոխարքա Վորոնցով-Դաշկովը նշանակվեց մոտ 182-հազարանոց կովկասյան ռուսական բանակի գլխավոր հրամանատար։ Պատերազմի սկզբնական փուլի ամենանշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ճակատամարտն էր, որն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև 1915թ. հունվարի 5-ը։ Թուրքական 3-րդ բանակը, որի հրամանատարությունը ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդվինն ու Արդահանը, ընդհուպ մոտենալ Բաթումին ու Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը։ Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց։ Միայն 12000 հոգի ՝ օսմանյան զորքի մնացորդները, հասան Էրզրում. մնացած 78 հազարը սպանվեց, ցրտահարվեց կամ գերի ընկավ։ 1915թ. գարնանը կովկասյան բանակի հրամանատարությունը առաջադրանք ստացավ վճռական հարված հասցնելու թուրքերին Վանի ուղղությամբ։ Թուրքական կողմը կարողացավ վերականգնել իր 3-րդ բանակը, չնայած որ օսմանյան զորքերի մեծ մասը այդ ժամանակ կենտրոնացվել էր Գալիպոլիի ճակատում։ Կոստանդնուպոլիսը գրավելու նպատակով 1915թ. փետրվար-մարտ ամիսներին անգլո-ֆրանսիական ռազմական ուժերը իրականացրին Դարդանելի գործողությունը։ Դրա անհաջող ավարտից հետո Ռուսաստանի դաշնակիցները ապրիլի 12-ից դեսանտային ուժեր ափ հանեցին Գալիպոլի թերակղզում։ Թուրքական զորքերը պատերազմի սկզբից հարձակման էին անցել Իրանի հյուսիսային շրջանում։ Նպատակն էր տեղի մահմեդական բնակչության օգնությամբ գրավել այդ տարածքը ռուսներից, ինչպես նաև Իրանին ներքաշել պատերազմի մեջ ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպատականի հայերի նկատմամբ։ 1915թ. հունվարի դրությամբ այս վայրերից մոտ 50000 հայեր էին անցել դեպի Այսրկովկաս ՝ փրկվելով կոտորածից։ Ռքւսական կովկասյան բանակը մի շարք հաղթանակներ տարավ 1915թ. գարնանը և ամռանը։ Նա գրավեց Թավրիզը, Ուրմիայի շրջանը, Վանը։ Ռուսական զորքը և հայ կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց չկարողացան գրավել այդ շրջանները։ Վանի ռուսական զորախումբը 1915թ. հուլիսի 9-ին սկսեց նահանջել և մի քանի օր հետո հասավ ռուսական տերության սահմաններին։ Այդ նահանջը կարճատև եղավ. ռուսական զորքը հուլիսի վերջին վերստին նվաճեց նախկին դիրքերը Վանի նահանգում և Բայազետ-Մանազկերտի շրջանում, բայց մինչ այդ Բիթլիսի, Խնուսի, Մուշի և Սասունի հայության մեծագույն մասը զոհ գնաց սկսված Մեծ եղեռնին։ Ռուսական զորքերը ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին մտան Էրզրում։ Էրզրումի գրավումը Կովկասյան ճակատում Ռուսաստանի ամենախոշոր հաղթանակն էր։ 1916թ. սկզբից մինչև ամառ ռուսական զորքերը գրավեցին Խնուսը, Մուշը, Բիթլիսը, Տրապիզոնը, Դերջանը, Երզնկան և Բաբերդը։ Նվաճելով Արևմտյան Հայաստանի գերակշիռ մասը ՝ Ռուսաստանը ամրացավ Մերձավոր Արևելքում։ Ռուսական գործող բանակի շտաբը 1916թ. փետրվարին Կարսից տեղափոխվեց Էրզրում և դարձավ Թուրքիայից պատերազմի իրավունքով գրավված տարածքի ռազմավարչական կենտրոնը։ Անգլիան և Ֆրանսիան, անհանգստանալով Կովկասյան ճակատում ռուսների հաղթանակներից, փորձեցին կանխել Ռուսաստանի հնարավոր միայնակ մուտքը Կ.Պոլիս և նեղուցների գոտի։ Գալիպոլիի պարտությունից հետո դաշնակիցները ծրագրեցին նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել Միջագետքի ուղղությամբ։ Մի քանի ամիս ընթացած անգլո-ֆրանսիական գաղտնի բանակցություններն ավարտվեցին Օսմանյան կայսրության ասիական տիրույթների բաժանման վերաբերյալ համաձայնության ստորագրմամբ։ Այն հայտնի է «Սայքս-Պիկոյի համաձայնագիր» անունով, որի նախագիծը կազմել էին անգլիացի դիվանագետ Սայքսը և ֆրանսիացի դիվանագետ Պիկոն։ Մինչ այդ համաձայնության նախնական տարբերակը Սայքսը և Պիկոն 1916թ. մարտի 9-ին Պետրոգրադում հանձնել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սազոնովին։ Փոխզիջումների միջոցով երեք կողմերը վերջնական տեսքի բերեցին Օսմանյան կայսրության տարածքների բաժանման ուրվագիծը։ Ռուսաստանին էին անցնելու նեղուցները, Կ.Պոլիսը և Արևմտյան Հայաստանի մեծագույն մասը։ Դրա դիմաց ռուսները համաձայնվեցին Կիլիկիայի, Փոքր Հայքի և արաբական տարածքների անգլո-ֆրանսիական բաժանմանը։ 1916թ. մայիսի 16-ին, Անգլիայի և Ֆրանսիայի միջև կնքվեց վերոնշյալ համաձայնագիրը։