18-րդ դարի կեսերից հայ ազատագրական շարժման մեջ սկսում են աշխուժանալ գաղութահայ կենտրոնները։ Դրանց մեջ առանձնահատուկ տեղ ուներ հնդկահայ գաղութը։ Հայերը Հնդկաստանում հաստատվել էին դեռևս 16-17-րդ դարերում։ Նրանք զբաղվում էին գերազանցապես վաճառականությամբ։ Հայկական խոշոր և ծաղկուն համայնքներ կային Հնդկաստանի տարբեր քաղաքներում։ 17-րդ դարի երկրորդ կեսից, երբ եվրոպական պետությունները սկսեցին ներթափանցել Հնդկաստան, հայերը այնտեղ արդեն մեծ կշիռ ունեին և լուրջ մրցակից էին եվրոպական վաճառականների համար։ Անգլիական Արևելահնդկական ընկերությունը Հնդկաստան մուտք գործելը դյուրացնելու և միաժամանակ հայ վաճառականության մրցակցությունից խուսափելու նպատակով 1688թ. պայմանագիր է կնքում նրանց հետ։ Դրա համաձայն ՝ հայերը իրենց ապրանքները անգլիական նավերով փոխադրելու իրավունք են ստանում։ Ամրապնդելով Հնդկաստանում ՝ անգլիացիները ձգտում էին միայնակ տիրանալու հնդկական առևտրին և սահմանափակել հայ վաճառականության իրավունքները։ Անգլիացիները ունեին խոշոր նավատորմ, կանոնավոր բանակ և նպատակ ունեին տիրանալու ամբողջ Հնդկաստանին։ Հնդկահայ բուրժուազիայի մի մասը և ազգային գործիչները սկսում են գիտակցել հայրենիքի, սեփական պետության ու բանակի անհրաժեշտությունն ու նշանակությունը։ Հնդկահայ այլ գործիչներից էր Հովսեփ Էմինը։