19-րդ դարի կեսերին Հայաստանում տեղի ունեցած սոցիալ-տնտեսական և քաղաքական փոփոխությունները, Արևմտյան Եվրոպայում ծավալված հեղափոխությունները, ռուսական քաղաքական մտքի վերելքը լուրջ տեղաշարժեր առաջացրեց հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Հայ իրականության մեջ սկսեցին լայնորեն քննարկվըլ Հայաստանի ապագայի մասին։ Քննարկումների արդյունքում հայկական միջավայրում ձևավորվեցին հասարակական-քաղաքական տարբեր հոսանքներ։ 19-րդ դարի 50-70-ական թթ. գոյություն ունեցող ուղղությունների մեջ ավելի հստակորեն զանազանցվեցին պահպանողական և ազատական հոսքերը։
Հայկական կոնսերվատիզմը
Ըստ կոնսերվատիստների, հայ ժողովրդի կենսունակության աղբյուրը միջնադարյան ավանդական արժեքային համակարգն է։ Նրանք առաջնահերթ խնդըր էին համարում հայկական միապետական համակարգի վերականգնումը, Հայոց եկեղեցու և Հայոց լեզվի պահպանումը։ Պահպանողականները հանդես էին գալիս ամբողջ ազգի անունից, թեև ամենից առաջ արտահայտում էին գյուղական ազգաբնակչության և քաղաքի արհեստավորության ու առևտրականների շահերը։ Նրանք ձգտում էին եկեղեցու և դպրոցի միջոցով ազգի համար կրթված անհատներ պատրաստելու։ Այս հոսանքի ճանաչված դեմքերից Գաբրիել վարդապետ Այվազովսկին հրատակում էր «Մասյաց աղավնի», Մարկոս Աղաբեկյանը ՝ «Կռունկ հայոց աշխարհին», Հովհաննես Չամուոճյան-Տերոյենցը ՝ «Երևակ» պարբերականները։ Արմատական պահպանողական գործիչները գտնում էին, որ Ռուսական կայսրության կազմում Արևելյան Հայաստանը վերածվել է հումքի կցորդի, 1836թ. եկեղեցական կանոնադրությամբ սահմանափակվել են Հայ եկեղեցու և դպրոցի իրավունքները, վտանգվել է հայի ազգային ինքնությունը։ Արևմտահայ գործիչները իրենց քննադատության սլաքը ուղղում էին թուրքական կառավարության դեմ։ Հակառակ աշխարհաբարի, որը ուներ երկու ճյուղ ՝ արևմտահայերեն և արևելահայերեն, պահպանողականները գրաբարի մեջ էին տեսնում ազգի հոգևոր-լեզվական միասնության պահպանումը։
Հայկական լիբերալիզմը
Ազատական հոսանքը հանդես եկավ հայության հասարակական ու մշակույթային կյանքը եվրոպակացնելու, ավանդական դպրոցը, եկեղեցին բարեփոխելու գաղափարներով։ Ազատամիտ գործիչների քննադատության հիմնական թիրախը հայ իրականության նահապետական բարքերի ու բարոյականության կրող հաստատությունն էր ՝ եկեղեցին։ Երբեմն այս քննադատությունը հասնում էր ծայրահեղության։ Ազատամիտները պահպանողականներին հակադրվեցին նաև լեզվի հարցում ՝ պնդելով, որ պետք է հրաժարվել գրաբարից և անցնել աշխարհաբարին։ Ազատականների գաղափարախոսության մեջ առանձնահատուկ տեղ ուներ ազգի ինքնորոշման, այսինքն ՝ իր սեփական կամքով ապագան կերտելու հարցը։ Հայ ազատականության նշանավոր դեմքերից ՝ Ստեփանոս Նազարյանցը գտնում էր, որ ազգի խնդիրների լուծման համար հարկ չկա առաջադրելու քաղաքական ինքնորոշման պահանջներ։ Դրա փոխարեն նա պաշտպանում էր մշակույթային ինքնավարության գաղափարը, հատկապես կարևորում էր առաջադիմական դպրոցի ու լուսավորության նշանակությունը։ Համարձակ մտքեր էին արտահայտու. արևմտահայ ազատականները ՝ Ստեփան Ոսկանյանը, Գրիգոր Օտյանը, Նահապետ Ռուսինյանը և ուրիշներ։ Պոլսահայ ազատականների շարքում առանձնանում էին երկիծական ժանրի երկու խոշոր դեմքեր ՝ «Մեղու» հանդեսի խմբագիր Հարություն Սվաճյանը և գրող Հակոբ Պարոնյանը։ Նրանք ծաղրուծանակի էին ենթարկում ազգի շահերի կեղծ պաշտպաններին, ազգային կյանքի կազմակերպման գործում պահանջում էին արևմտահայության լայն խավերի մասնակցություն։ Գրիգոր Արծրունու հիմնադրած «Մշակ» թերթը դարձավ ոչ միայն հայկական լիբերալիզմի, այլև առհասարակ հայ ազգային-հասարակական մտքի յուրահատուկ դարբնոցը։
Ազգային սահմանադրություն
1857թ. Կ.Պոլսի ուսումնական խորհրդի անդամներ ՝ Ն.Ռուսինյանը, Գ.Օտյանը, Սերովբե Վիչենյանը, Նիկողայոս Պալյանը մշակում են արևմտահայ համայնքի ներքին կյանքին վերաբերող մի կանոնադրություն։ 1859թ. դեկտեմբերին հանձնաժողովը ներկայացնում է բարեփոխած կանոնադրությունը։ 1860թ. մայիսի 24-ին Կ.Պոլսի Ազգային ժողովը հաստատում է կանոնադրությունը և Ն.Ռուսինյանի առաջարկությամբ այն կոչում են «Ազգային սահմանադրություն»։ Սահմանադրությունը Արևմտյան Հայաստանի ու ամբողջ կայսրության հայ բնակչության կրթամշակույթային կյանքը կարգավորող իրավական կարևոր փաստաթուղթ էր։ Այն սուլթանի կողմից հաստատման կարիք ուներ։ 1863թ. մարտի 17-ին սուլթանը հաստատում է կանոնադրությունը։ Ըստ ազգային սահմանադրության ՝ ստեղծվում էին արևմտահայության կյանքը կազմակերպող մարմիններ ՝ Ազգային ժողով, Ազգային կենտրոնական վարչություն, ազգային կյանքի տարբեր բնագավառներ սպասարկող խորհուրդներ։ Ազգային ժողովը որպես օրենսդիր մարմին, ընտրվում էր ամբողջ ազգի կողմից։ Ազգային սահմանադրությունը դրական դեր խաղաց հայ հասարակական-քաղաքական կյանքում։ Խրիմյան հայրիկի շնորհիվ, ով 1869թ. դարձել էր Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք, սահմանադրությունը գործադրվեց Արևմտյան Հայաստանի բազմաթիվ գավառներում։