- Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը
Պատերազմի ավարտին հաշտության պայմանների շուրջ նորից սրվեց միջազգային իրադրությունը։ Ռուսաստանն առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը եվրոպական տարածաշրջանում։ Ռուս դիվանագետները Արևմտյան Հայաստանը համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։ Գեներալ Մ․ Լոռիս-Մելիքովը, երբ ծանոթանում է զինադադարի ռուսական նախագծին, համաձայնության չի գալիս։ Նա ընդգծում էր Հայաստանի գրաված տարածքի ռազմավարական կարևորությունը Ռուսաստանի համար։ 1878 թվականի փետրվարի 19-ին կնքվում է ռուս-թուրքական հաշտության պայմանագիրը՝ Կ․ Պոլսի մոտակայքում գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադրանի ամառանոցում։ Ըստ պայմանագրի՝ ռուսական կողմ էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի ու Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում նավահանգստով։ Իսկ Օսմանյան կայսրությանն են վերադարձվում Էրզրումն ու Բասենը։ Սան Ստեֆանոյի պայմանագրում քննարկվեց Հայկական հարցը։ Լինելով Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։
Այնտեղ տեղ գտան Հայաստանին ու հայերին վերաբերող առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնք մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին։ Օրինակ՝ 16-րդ հոդվածում Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ բարեփոխումներ իրականացնել ու ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից Արևմտյան Հայաստանի այն տարածքներում, որոնք գրավել էին ռուսները և ունեին պարտավորվածություն այն կրկին վերադարձնելու Թուրքիային։ Իսկ 25-րդ հոդվածը ռուսներին իրավունք էր տալիս 6 ամսով մնալ Հայաստանում։ 27-րդ հոդվածում կար պարտավորվածություն, որ այն քրիստոնյաներին, ովքեր օգնել ու աջակցել են ռուսներին պատերազմում, թուրքերը չեն կարող հալածել։ Պայմանագրի այս հոդվածներն ունեին իրենց դրական կողմերը՝ Հայկական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը։ Երկրորդ դրական կողմն այն էր, որ հայկական մի շարք տարածքներ անցնում էին ռուսական կազմ։