1. Ներկայացրե՛ք Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ 1918 – 1920թթ.:
Հայ - վրացական հարաբերություններ
ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը բարիդրացիական հարաբերությունների
հաստատումն էր անմիջական հարևանների հետ։ Հայաստանի
հարևաններն էին Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը և Պարսկաստանը։
Նրանց հետ կանոնավոր հարաբերությունների հաստատումը հարթ
չընթացավ, որովհետև իրար միջև կային ազգային, տարածքայինսահմանային
լուրջ վեճեր։ Միակ երկիրը Պարսկաստանն էր, որը Հայաստանի
հետ չի ունեցել որևէ լուրջ խնդիր և հանրապետության գոյության ողջ
ընթացքում պահպանել է բարեկամական հարաբերություններ։
Հայկական տարածքների նկատմամբ հավակնություններ ունեին հարևան
մյուս երեք պետությունները, այդ թվում նաև Վրաստանի Հանրապետությունը։
Պատմությունից մենք գիտենք, որ հայ և վրաց ժողովուրդների միջև
գոյություն է ունեցել դարավոր բարեկամություն։ Նրանք շատ անգամ
համատեղ պայքարել են օտար նվաճողների դեմ։ Սակայն 1918թ. Վրաստանի
և Հայաստանի անկախության հռչակումից հետո տարածքային – սահմանային
վեճ ծագեց նրանց միջև, որի պատճառը դեռևս ցարիզմի ժամանակներում
կատարված վարչատարածքային անարդար բաժանումն էր։ Հայկական երկու
գավառներ՝ Լոռին ու Ախալքալաքը մտցվել էին Թիֆլիսի նահանգի մեջ։
Նորահռչակ Վրաստանի Հանրապետությունը ամեն կերպ ձգտում էր իր սահմանների
մեջ ներառել հայաբնակ այդ գավառները։ Հայաստանի կառավարությունը
ջանում էր հարցը լուծել բանակցությունների միջոցով։ Սակայն
սահմանային այդ վեճը 1918թ. դեկտեմբերին վերաճեց հայ – վրացական զինված
ընդհարման՝ պատերազմի։ Երբ վրաց իշխանությունները սկսեցին
բռնություններ գործադրել տեղի հայության նկատմամբ, հայկական զորամասերը
մտան Լոռի, հաղթանակ տարան վրացիների նկատմամբ և իրենց
հսկողության տակ առան գավառամասը։ Հալածանքի ու հետապնդումների
ենթարկվեցին Վրաստանում ապրող հայերը։ Փակվեցին ճանապարհները։
Բարեբախտաբար պատերազմը կարճ տևեց՝ շուրջ երեք շաբաթ:
Խնդրին միջամտեցին Անտանտի՝ Անգլիայի և Ֆրանսիայի զինվորական
ներկայացուցիչները։ 1919թ. հունվարին կողմերի միջև կայացվեց համաձայնություն։
Լոռին հայտարարվեց «չեզոք գոտի»։ Կարճ ժամանակամիջոցում բարելավվեցին
հայ-վրացական հարաբերությունները։ Վերաբացվեցին հաղորդակցության
ուղիները։
Հայ-վրացական վիճելի տարածքային խնդիրը վերջնականորեն լուծվեց
նրանով, որ 1921թ. Ախալքալաքի գավառը կցվեց Վրաստանին, իսկ Լոռին
միացվեց Հայաստանին։
Հայ – ադրբեջանական հարաբերություններ
Հայ – ադրբեջանական հարաբերությունները պատմական և քաղաքական պատճառներով այժմ գտնվում են լարված վիճակում։ Երկրների միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ այժմ հաստատված չեն։ Հարևան երկրների պաշտոնական հարաբերություններ ունեին 1918 – 1921 թվականներին, երբ կարճատև անկախություն ստացան Ռուսական կայսրությունից, որի արդյունքում ձևավորվեցին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը և Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը։ Այդ հարաբերությունները գոյություն ունեին սկսած 1917 թվականի Ռուսական հեղափոխությունից մինչև Անդրկովկասի գրավումը և օկուպացումը Ռուսական կայսրության ժառանգորդ Խորհրդային Միության կողմից։ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած երկու պատերազմների արդյունքում՝ 1918 – 1921 թթ. և 1988 – 1994 թթ., երկկողմ հարաբերությունները, ավելի ճիշտ ասած հարաբերությունների բացակայությունը, վերջնականապես ձևավորվել են Արցախյան հակամարտության ընթացքում։ Այժմ երկրների միջև չկան որևէ դիվանագիտական հարաբերություններ։
2. Ո՞րն էր Հայաստանի առաջին հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունը:
1918թ. հունիսի 4 -ին Բաթումիի հաշտության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետությունը հայտնվել էր ծանր դրության մեջ։ 1918թ. ամռանը Հայաստանի պատվիրակությունը փորձ արեց բանակցել Քառյակ միության երկրների հետ՝ Բաթումի պայմանագիրը փոքր-ինչ մեղմելու նպատակով, բայց արդյունքի չհասավ։ Գերմանիան և Թուրքիան նույնիսկ մրցակցում էին իրար հետ, թե տարածաշրջանում ով ավելի մեծ ազդեցություն կնվաճի։ Հայաստանը իրավունք չուներ հարաբերվելու այլ պետությունների և հատկապես Անտանտի երկրների ու Ռուսաստանի հետ։ Այս վիճակը շարունակվեց մինչև 1918թ. վերջերը՝ Առաջին աշխարհամարտի ավարտը։ Անտանտը հաղթեց Քառյակ դաշինքին։ Պարտված Գերմանիան և Թուրքիան իրենց զորքերը դուրս բերեցին Անդրկովկասից։ Դրա շնորհիվ Հայաստանի Հանրապետության տարածքը ընդարձակվեց՝ հասնելով մինչև 70 հազար քառ. կմ -ի: Այժմ արդեն տարածաշրջանում ազդեցիկ դիրք գրավեց Անտանտի երկրներից Անգլիան։ Աշխարհամարտի ավարտից հետո Հայաստանի արտաքին քաղաքական վիճակը փոքր-ինչ բարելավվեց, և նա սկսեց ավելի ակտիվ արտաքին քաղաքականություն վարել։
3. Ծանոթացե՛ք Սևրի պայմանագրին վերաբերող փաստաթղթերը և ներկայացրե՛ք ձեր տեսակետը պայմանագրի մասին:
Սևրի հաշտության պայմանագիրը ստորագրվել է 1920թ. օգոստոսի 10 -ին Սևրում ( Փարիզի մոտ ), Թուրքիայի սուլթանական կառավարության և 1914 – 1918թթ. Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետությունների ( Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Հունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Հայաստան, Չեխոսլովակիա, Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորություն, Հեջազ ) միջև։ Հայաստանի հանրապետության անունից պայմանագիրը ստորագրել է Ավետիս Ահարոնյանը։ Նա և արևմտահայության ներկայացուցիչ Ազգային պատվիրակության ղեկավար Պողոս Նուբարը գլխավոր դաշնակից պետությունների հետ կնքել են լրացուցիչ պայմանագիր՝ ազգային փոքրամասնությունների իրավունքերի, դիվանագիտական և առևտրական հարաբերությունների վերաբերյալ։ Միջազգային իրավունքի տեսակետից Հայաստանի Հանրապետությունը, որպես պայմանագրի մասնակից, դե յուրե ճանաչվում էր պայմանագիր ստորագրած մյուս բոլոր պետությունների կողմից։