Սեռի կարգը բայի միջոցով ցույց է տալիս քերականական ենթակայի և
խնդրի հարաբերությունը։ Ըստ քերականական ենթակայի և խնդրի առնչության՝
ամեն մի գործողություն կատարվում է երեք հարաբերությամբ. ենթական անմիջականորեն ազդում է որևէ առարկայի վրա, ենթական ինքն է կրում գործողությունն իր վրա, ենթական ո՛չ ազդում է այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ
այլ առարկայի գործողությունը։ Օրինակ՝ Անձրևը թրջեց հողը նախադասության մեջ
հողը այն առարկան է ( խնդիրը ), որն իր վրա է կրում անձրևը ենթակայի գործողությունը։ Հողը թրջվեց անձրևից նախադասության մեջ հողը ենթական իր վրա է կրում
անձրևի ( խնդրի ) գործողությունը։ Իսկ Երեխան քայլում է բակում նախադասության
մեջ ո՛չ երեխան ենթական է իր վրա կրում գործողությունը, ո՛չ էլ ինքն է անմիջականորեն, ուղղակիորեն ազդում մեկ այլ առարկայի ( խնդրի ) վրա։ Ըստ այդմ՝ առանձնացվում է բայի երեք սեռ՝ ներգործական, կրավորական և չեզոք։
Ներգործական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որով
ենթական ուղղակիորեն ազդում է որևէ առարկայի վրա. այս բայերը պահանջում
են ուղիղ խնդիր լրացում ( որն արտահայտում է կրող առարկան ), օրինակ՝
Այգեպանը ջրեց այգին։ Երեխան տուն նկարեց։
Կրավորական սեռի բայերն արտահայտում են այնպիսի գործողություն, որը
մեկ այլ առարկայից անցնում է ենթակային. Այս բայերը պահանջում են ներգործող խնդիր լրացում ( որն արտահայտում է, թե ում կողմից կամ ինչից է գործողությունն անցնում ենթակային ), օրինակ՝ Կամուրջը քանդվեց հեղեղից։ Աշակերտը գնահատվեց ուսուցչի կողմից։ ։
Չեզոք սեռի բայերը ցույց են տալիս այնպիսի գործողություն, որով ո՛չ ենթական է ազդում մեկ այլ առարկայի վրա, ո՛չ էլ ինքն է կրում մեկ այլ առարկայից։
Այսինքն՝ այս բայերը ուղիղ կամ ներգործող խնդիր լրացում չեն ստանում,
օրինակ՝ Նա զբոսնում էր պուրակում։ Ես հիացա նկարով։
Կրավորական բայերը կազմվում են ներգործականներից -վ- ածանցով, ինչպես՝
գրել-գրվել, կառուցել-կառուցվել, ուսումնասիրել-ուսումնասիրվել։ Այսինքն՝ ներգործական բայերի կազմում չկա –վ- ածանցը, իսկ կրավորականների կազմում նրա առկայությունը պարտադիր է։ Չեզոք սեռի բայերի մեջ –վ- ածանցը կարող է լինել կամ
չլինել, այսինքն՝ չեզոք բայերը ձևով նման են կա՛մ ներգործականներին, կա՛մ կրավորականներին։ Չեզոք սեռի հետևյալ բայերը –վ- ածանցը չունեն՝ զբոսնել, բնակվել,
ուրախանալ, բարկանալ, տխրել, հիանալ, երազել և այլն։
Գործնական աշխատանք
1. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ այն բայը, որը կրավորական ածանց չունի։
կոտրվել, գրվել, ծարավել, հաղորդվել
սոսնձվել, սեղմվել, ներկվել, գրավել
խորովել, վաճառվել, գնահատվել, կրճատվել
շարվել, տպագրվել, բղավել, մթերվել
գլորվել, գովել, ձևավորվել, միավորվել
2. Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ նշված սեռի բայը։
ներգործական – նիրհել, ցատկել, նկարել, ձգտել
ներգործական – խարխափել, բաշխել, զբոսնել, հիանալ
ներգործական – սայթաքել, մրսել, շտապել, ստուգել
չեզոք – զարդարել, նախորդել, շաղախել, ձուլել
չեզոք – ընդգծել, փոփոխել, կուտակել, փայլել
չեզոք – ուղղել, թողարկել, ցատկել, հղկել
կրավորական – գրավել, սղոցվել, բղավել, խռովել
կրավորական – վրդովել, նզովել, հոլովել, վաճառվել
կրավորական – կռավել, բովել, ճշգրտվել, թոթովել