Սարդարապատի ճակատամարտը տեղի Է ունեցել 1918թ․ մայիսի 21-29-ին, հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև` Սարդարապատ կայարանի շրջակայքում: Ռուսաստանում 1917թ․-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուս զորքերը հետ քաշվեցին Հայաստանից՝ մերկացնելով Կովկասյան ճակատը: Օգտվելով դրանից՝ թուրքական կառավարությունը ծրագրեց ոչ միայն վերազավթել Արևմտյան Հայաստանը, այլև նվաճել Արևելյան Հայաստանն ու ամբողջ Անդրկովկասը: Խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքած Երզնկայի զինադադարը՝ թուրք զորքերը 1918-ի փետրվարի 10-ին անցան հարձակման և շնորհիվ գերակշիռ ուժերի վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Կովկասյան ճակատում գործող Հայկական կորպուսը [հրամանատար՝ գեներալ Նազարբեկով], որը կազմված էր 3 դիվիզիայից (հրամանատարներ՝ գեներալ Արեշյան, գեներալ Մովսես Սիլիկով, գեներալ Անդրանիկ Օզանյան), մարտերով հետ քաշվեց՝ ապահովելով նաև տասնյակ հազարավոր արևմտահայ գաղթականների անվտանգությունը: Ալեքսանդրապոլը գրավելուց հետո թուրքական մի զորաբանակ արշավեց դեպի Ղարաքիլիսա, մյուսը Յաղուբ Շևքի փաշայի գլխավորությամբ մայիսի 21-ին հարձակվեց Սարդարապատի ուղղությամբ՝ Երևան ներխուժելու նպատակով: Թուրքական այդ զորախմբի կազմում էին 36-րդ հետևակային դիվիզիան, հարվածային և սակրավորների մեկական գումարտակներ, հեծյալ գունդ, 1500 քուրդ հեծյալներ, հրետանային մարտկոց: Սարդարապատի պաշտպանությունն իրականացնելու պարտականությունը դրվեց գեներալ Մովսես Սիլիկովի վրա, որի զորախմբի կազմում էին 2-րդ հրաձգային դիվիզիան, 3-րդ հետևակային բրիգադը և 2-րդ հեծյալ բրիգադի 1-ին գունդը: Հայկական այդ զորախմբի հիմնական ուժերը (հրամանատար՝ գնդապետ Դանիել բեկ Փիրումյան) կենտրոնացվեցին Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրք զորախմբի դեմ, իսկ 6-րդ հրաձգային, 2-րդ հեծյալ և պարտիզանական հեծյալ գնդերը սահմանապահ գումարտակի աջակցությամբ փակելու էին Բաշ Ապարանից Երևան շարժվող թուրքական 9-րդ դիվիզիայի ճանապարհը Թիկունքը և Երևանի պաշտպանությունը հմտորեն ղեկավարել է Արամ Մանուկյանը: Հարձակվող թուրք զորախումբը մայիսի 21-ին գրավեց Սարդարապատ կայարանը, համանուն գյուղը և Գեչրլուն: Մայիսի 22-ին հայկական 5-րդ հրաձգային գունդը (հրամանատար՝ գնդապետ Պողոս բեկ Փիրումյան), պարտիզանական հետևակային գունդը, Իգդիրի հետևակային գունդը և հատուկ հեծյալ գունդը Քյորփալուից և Ղուրդուղուլիից անցան հարձակման, կոտրեցին թուրքերի դիմադրությունը և նրանց հարկադրեցին խուճապահար հետ փախչել շուրջ 15- 20 կմ: Սակայն, օգտվելով այն բանից, որ հայկական ուժերը դադարեցրին հետապնդումը, թուրքերը վերադասավորեցին ուժերը, ամրացան Չիմնի և Թուլքի բարձունքներում: Թուրքական հրամանատարությունը որոշեց համալրել Յաղուբ Շևքի փաշայի զորքը, սակայն հայերը հետ շպրտեցին օգնության եկող Մյուրսել փաշայի 5-րդ դիվիզիան: Հայկական հրամանատարությունը մշակեց թուրքերին վճռական հարված հասցնելու և ջախջախելու ծրագիր: Ստեղծվեց հարվածային զորախումբ [գնդապետ Կ. Հասան Փաշայան], Պանդուխտի գլխավորած մշեցիների ջոկատի հետ շրջանցելով թուրքերին, մայիսի 27-ին հարվածեցին նրանց թիկունքից, միաժամանակ հայկական հիմնական ուժերը հարվածեցին ճակատից: Ծանր կորուստներ կրելով՝ թուրքական զորաբանակները փախան Ալեքսանդրապոլ: Ճակատամարտն ավարտվեց թուրքական գերակշիռ ուժերի դեմ տարած լիակատար հաղթանակով:
Ճակատամարտին մասնակցեցին հայ ժողովրդի բոլոր խավերի ներկայացուցիչները: Կարևոր դեր խաղացին հայ կանայք, որոնք սննդամթերք ու ռազմամթերք էին մատակարարում: Սարդարապատի ճակատամարտը հայ ժողովրդի ազատագրական պայքարի փայլուն էջերից է: Տարած հաղթանակի շնորհիվ Արևելյան Հայաստանի զգալի մասը փրկվեց թուրքական զավթումից, և 1918-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը:
Բաշ Ապարանի ճակատամարտը
Բաշ Ապարանի ճակատամարտ տեղի է ունեցել 1918թ․ մայիսի 23-29-ին: Սար-դարապատի ճակատամարտի ժամանակ թուրք հրամանատարությունը որոշել է 9-րդ դիվիզիան ուղարկել Բաշ Ապարան: Թուրքական այդ ծրագիրը խափանելու նպատակով հայկական հրամանատարությունը Սարդարապատի ճակատամարտից Դրոյի գլխավորությամբ շտապ ուժեր է տեղափոխել Բաշ Ապարան:Հայկական կանոնավոր զորամասերին մեծ աջակցություն են ցույց տվել հայ և եզդի աշխարհազորայինները՝ Ջահանգիր Աղայի գլխավորությամբ: Մարտերի ընթացքում թուրքերը ջախջախվել են և հետ շպրտվել Բաշ Ապարանից:
Ղարաքիլիսայի ճակատամարտը
Ղարաքիլիսայի Ճակատամարտը տեղի է ունեցել 1918 թ․ մայիսի 24-28-ին, հայկական և թուրքական զորքերի միջև: Ռուսաստանում 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ Թովմաս Նազարբեկովի գլխավորած Հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ: Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում կնքած զինադադարը, 1918-ի սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, Կարինը, Սարիղամիշը, Կարսը, մայիսի 15-ին գրավեցին Ալեքսանդրապոլը: Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ Հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի ջոկատը: Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Երևանի, մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ: Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին Ջաջուռը, Աղբուլադը, Ղալթաղչին, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան: Ջալալօղլիի մոտ, երկօրյա մարտերից հետո, Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ Դսեղ գյուղում, ապա շարժվեց դեպի Դիլիջան: Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի Շահալի, մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ: Մայիսի 24-ին գրավեցին Համամլուն: Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները: Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկադրեցին նահանջել դեպի Համամլու: Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ: Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան: Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը: Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան հետագայում, Բաթումի բանակցությունների ժամանակ, խոստովանեց, որ Ղարաքիլիսայի ճակատամարտը «…բացառիկ ճակատամարտ էր այս պատերազմի պատմության մեջ: Ղարաքիլիսայի մոտ հայերը ցույց տվեցին, որ նրանք կարող են աշխարհի լավագույն զինվորները լինել»: Ղարաքիլիսայի ճակատամարտից հետո թուրքական զորքերը արշավեցին Ղազախ, Գանձակ և Բաքու:
Ղարաքիլիսայի, Սարդարապատի և Բաշ Ապարանի ճակատամարտերի շնորհիվ թուրքերը չկարողացան մտնել Երևան, Արարատյան դաշտ և Սևանի ավազան: