Հայոց պատմ․

Գուրգեն Մահարի

Վիպակում Մահարին պատմում է աքսորի տարիների սիբիրյան տպավորությունների մասին, հիշում է ճամբարներում ապրած իր չարքաշ կյանքը: Մանրամասն գրում է, թե ինչպես են անհիմն մեղադրանքով իրեն ձերբակալել, իբր թե մասնակցություն է ունեցել խորհրդային իշխանության դեմ գործող նացիոնալիստական կուսակցության մեջ ու ցանկացել է Հայաստանն անջատել Սովետական Միությունից: Ապա բանտից բանտ են տեղափոխել Երևանում, իսկ հետո Ռուսաստանի սիբիրյան ճամբարներ, մինչև հիմնական թողել են սիբիրյան այն բրուտանոցում, որտեղ տեղ էին գտել նաև Աճեմյանի ճակատագրին արժանացած մյուս կերպարները:
Բրուտանոցում սկզբում միայն տղամարդիկ էին. «Կին հասկացողությունը տարիների ընթացքում կալանավորների համար դարձել էր վերացական մի բան»: Հետո մի գերմանուհու են բերում, որին մեղադրում էին լրտեսության մեջ, այնինչ նա ընդամենը այցելել էր Գերմանիա և վերադարձել ԽՍՀՄ: Նա կրթությունը կիսատ էր թողել Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայում, բայց բրուտագործության մեջ հմուտ գործիչ էր: Շուտով ճամբարը համալրվեց ԽՍՀՄ-ի մեծերի կավե գլուխներով, բացի Ստալինի գլխից, որը Շարթը հրաժարվեց սարքել՝ բացատրելով, որ ազգի թշնամու ձեռքով չարժե մեծ հայրիկի գլուխը կերտել:
Շատ չանցած ճամբարում կանանց բարաք սարքեցին, և կանանց մի խումբ բերեցին այդտեղ, որից հետո էլ սկսեցին բազմաթիվ սիրային հարաբերություններ կալանավորների ու նրանց միջև: Շարթի և Մամոյի (ադրբեջանցի կալանավոր) հարաբերությունն առաջիններից չէր, սակայն ավարտվեց մյուսների նման տխուր ձևով: Կոմիսիայի ստուգումների ժամանակ պարզվեց, որ Շարթը հղի է և նրան ուղարկեցին առաջին ճամբար, որտեղ հիվանդանոց կար: Կալանավոր մայրերն այդ հիվանդանոցում ծննդաբերում էին, և եթե երեխան ողջ էր մնում, նրան համարակալում էին և հանձնում հատուկ աշխատող ծեր կանանց խնամքին, իսկ մայրերին ուղարկում էին մի այլ ճամբար, որպեսզի երեխայի հորն էլ չհանդիպի: Սակայն եթե երեխան մահանում էր ( ինչը հիմնականում այդպես էր լինում), մորն ուղարկում էին նույն ճամբարը, որտեղ հայրն արդեն կրել էր իրեն հասանելիք ծանր պատիժը: Մամոյի ու Լյուդմիլա Շարթի երեխան չփրկվեց. Լյուդմիլան վերադարձավ բրուտանոց, որտեղ էլ կերտեց իր երեխայի կիսանդրին, որը համալրեց մյուս մեծերի գլուխների շարքը:
Վիպակում հատուկ տեղ են գրավում հայ կալանավորները: Նրանցից մեկն Աշոտ դային էր, որը խելոք ու լուռ մարդ էր, հաճախ էին նրա խորհուրդները հարցնում: Մի այլ կերպար էլ Մեսրոպ Ուզունյանն էր, շատ ճարպիկ ու սրամիտ մի հայ Սև ծովի մոտ գտնվող քաղաքներից մեկից, որը թեև հայերեն էր խոսում, բայց նրան չէին հասկանում. տարօրինակ բարբառ ուներ: Ճամբար եկած առաջին օրվանից իր սրամտության շնորհիվ նա աշխատանքի տեղավորվեց խոհանոցում. դրսում ծանր աշխատանքներ կատարելու փոխարեն ընդամենը ջուր էր եռացնում ու բաժանում կալանավորներին՝ որպես թեյ: Արդյունքում գլխավոր խոհարարի փոխարեն մի անգամ ճաշ պատրաստելով արժանացավ նրա պաշտոնին:
Հետաքրքիր էր նաև Ջինգաևի կերպարը: Լինելով հայ-հրեա ու ապրելով Վրաստանում, նա տիրապետում էր մի շարք լեզուների ու ամեն մեկով խոսում էր այնպես, կարծես իր մայրենի լեզուն լիներ: Չդիմանալով անտառի ծանր գործին, նա կացնով կտրեց իր մի ձեռքի մատները, որպեսզի ազատվի այդ տանջանքից: Դրա հետևանքով բոլորն սկսեցին հերթով իրենց խոշտանգել ծանր գործերից խուսափելու համար և արդյունքում նոր օրենք սահմանվեց՝ այդպիսիներին մահապատժի ենթարկելու մասին: Ջինգաևը նաև փորձել էր փախուստի դիմել մի քանի այլ կալանավորների հետ, բայց հետո հանձնվել էր սովի պատճառով, մանավանդ երբ նկատել էր, թե ինչպես են իր ընկերներն ուտում մյուս ընկերոջ խորոված միսը:
Եվ վերջապես, երբ Աճեմյանը, հույս ունենալով հանդիպելու Կարապետյան անունով մի հայի, գնաց առաջին ճամբար՝ ճամբարի պաշտոնյաներից մեկի հետ, այնտեղ ծանոթացավ մի ղարաբաղցու հետ, որին մեղադրել էին Ղարաբաղը Ադրբեջանից անջատելու ու Հայաստանին միացնելու մեղադրանքով:
Մի խոսքով՝ անմեղ մարդիկ իզուր ձերբակալվել էին անիմաստ մեղադրանքներով ու բախտի քմահաճույքով անտեղի տանջվում էին Սիբիրում…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s